Ադրբեջանցիները կրակել են Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակելի տների ուղղությամբ

Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։ Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը»,- հայտնում է Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը նշում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ և նպատակ ունի Արցախում վախի, հուսահատության մթնոլորտ ձրավորել։

«Ադրբեջանը շարունակելու է Արցախը ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,- գրել է նա։

Մեկնաբանել