Երևանի պատմական Կարմիր կամուրջը խոստանում են վերականգնել

Հովհաննես Նազարեթյան

Շուրջ երկու տարի առաջ հայտնի դարձավ, որ նախատեսվում է վերականգնել Երևանի կենտրոնում գտնվող Կարմիր կամուրջը։ Պատմական այդ կառույցն այսօր գտնվում է կիսավեր վիճակում, սակայն տարածքում կառուցապատում իրականացնող ներդրողը պարտավորվել է այն սեփական միջոցներով վերականգնել։

«Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմանադիր և գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանը Հրազդանի ձորում ցանկանում է հյուրանոցային համալիր կառուցել և այդ շրջանակում պարտավորվել է սեփական ուժերով և միջոցներով վերականգնել Կարմիր կամուրջը։

Կամուրջի մասին

Կարմիր կամուրջը կառուցվել է 1679 թվականի մեծ երկրաշարժից հետո՝ Հրազդան գետի վրա, այն ժամանակ Երևանի բերդի (այժմ՝ Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի) ստորոտին։ Անունը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու պատճառով։ Մյուս անունը՝ Խոջա-փլավի կամուրջ, ստացել է 17-րդ դարում այն վերանորոգած քանաքեռցի վաճառական Խոջա-փլավի անունից։ Այն հիմնական վերանորոգման վերջին անգամ ենթարկվել է ցարական շրջանում՝ 1851 թվականին, իսկ հետո եղել են միայն մասնակի վերանորոգումներ։

Կամուրջը Երևանը կապել է Էջմիածնի հետ և մինչև 1945 թվականը, երբ մոտակայքում բացվեց Հաղթանակ կամուրջը, եղել է քաղաքի միակ կամուրջը Հրազդան գետի վրա։ Կանգուն վիճակում ունեցել է 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։

Կամուրջն ընդգրկված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Չնայած դրան՝ կամուրջի կեսն այսօր փլուզված է և վթարային վիճակում է։

Կարմիր կամուրջը 1970-ականների վերջին

(լուսանկարը՝ Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից)

Կամուրջի հարևանությամբ բնակվող մի քաղաքացի CivilNet Check-ին հայտնեց, որ կամուրջը սկսել էին վերականգնել Խորհրդային Միության վերջին տարիներին, սակայն ԽՍՀՄ փլուզման, երկրաշարժի և պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի պատճառով աշխատանքները կիսատ են մնացել։ Տասնամյակների ընթացքում կամուրջն աստիճանաբար է՛լ ավելի է խալխլվել։

Ավագանու որոշումը

2020-ի փետրվարի 11-ին Երևան ավագանու նիստում որոշում էր կայացվել Արգիշտիի փողոց 48 և 48/1 հասցեներում Յուրի Աֆրիկյանին պատկանող՝ ընդհանուր առմամբ շուրջ 5 600 քմ մակերեսով հողամասերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։ Աֆրիկյանը ցանկանում է տարածքում առկա արտադրական նշանակության շինությունները վերակառուցել հյուրանոցային համալիրի։

Տարածքում նախատեսում են նաև կառուցել հայկական արհեստների կենտրոն և հայկական արհեստագործական գործիքների թանգարան։

Որոշման տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ Աֆրիկյանը ծրագրի իրականացման շրջանակում պարտավորվել է նաև սեփական ուժերով և միջոցներով վերականգնել Կարմիր կամուրջը։

Աֆրիկյանը էլեկտրատեխնիկայի, կահույքի և տնային պարագաների վաճառքով զբաղվող «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմանադիր և գլխավոր տնօրենն է։ Նա տնօրինում է ընկերության բաժնեմասերի 80 տոկոսը։

Ինչ է նախատեսվում անել

CivilNet Check-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց հասկանալ, թե ինչ արվել է կամուրջը վերականգնելու ուղղությամբ: Քաղաքապետարանից հայտնեցին, որ կամուրջը Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների ցանկում ներառված չէ և խորհուրդ տվեցին դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)։

Այնտեղից CivilNet Check-ին տեղեկացրին, որ անհատ բարերարի հետ համագործակցությամբ արդեն իսկ իրականացվել է կամուրջի վերականգնման էսքիզային նախագիծը: ԿԳՄՍՆ-ը հրաժարվեց ներկա փուլում տրամադրել էսքիզային նախագիծը՝ խոստանալով այն տրամադրել միայն ԿԳՄՍՆ կողմից աշխատանքային նախագծի համաձայնեցումից հետո:

«Գործընթացն այժմ գտնվում է աշխատանքային նախագծի մշակման փուլում: Բարերարի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ հուշագրի կնքումից և պատվիրված նախագծի՝ սահմանված կարգով համաձայնեցումից հետո կսկսվեն նաև կամուրջի վերականգնման աշխատանքները»,- ասվում է նախարարության պատասխանում։

«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ դեռ 2017-ին մշակույթի նախարարությունը հաշվարկել էր, որ կամուրջը վերանորոգելու համար 1 մլն դոլար է անհրաժեշտ:

CivilNet Check-ն այցելեց տեղանք և պարզեց, որ ներդրողն արդեն իսկ սկսել է շինարարական աշխատանանքեր իրականացնել կամուրջի հարևանությամբ գտնվող եռահարկ արտադրական շինության վրա։ Կամուրջի վրա որևէ տեսանելի աշխատանք դեռ չի կատարվել։