Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-թուրքական գործընթացը

Փետրվարի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Ընդգծվել է փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ․ «Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները»,- տեղեկացնում են արտգործնախարարությունից։

Մեկնաբանել