USC Tacori կենտրոնում` հասարակագիտության վարպետության երրորդ դասընթացք

Հայաստանի հինգ համալսարանների մագիստրատուրայի տասնյոթ ուսանող մասնակցեց «Հասարակագիտության սկզբունքները և հետազոտության մեթոդոլոգիաները» թեմայով վարպետության դասին, որը տեղի ունեցավ 2022-ի հունվարի 18-20-ը Մայակովսկի գյուղում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Թագորի» կենտրոնում։ Սա վարպետության երրորդ դասն էր, որը կազմակերպել էին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտն ու Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամը։

Երևանից կես ժամ հեռավորության վրա գտնվող «Թագորի» կենտրոնը կլոր տարի իր հարկի տակ համախմբում է արվեստագետների, քաղաքականություն մշակողների, հետազոտողների, հեղինակների ու գիտնականների` Հայաստանից, Արցախից ու ամբողջ աշխարհից, որոնք գալիս են աշխատելու, իրարից սովորելու և գաղափարները գործողությունների վերածելու:

Դասախոսությունները և քննարկումները վարեցին Հայաստանի ու արտերկրի վեց դասախոս՝ ուսանողներին ներկայացնելով տեսությունների հիմնական գործիքակազմն ու գրականությունը և նրանց հնարավորություն տալով հասկանալու սեփական հետազոտական նախագծերը մշակելու լավագույն ուղիները: «Թեև այսպիսի կրթաթոշակը կարևոր է որևէ ժամանակ, հիմա՝ հետպատերազմյան այս միջավայրում, այն առավել քան անհրաժեշտ է, որպեսզի քաղաքագիտական, սոցիոլոգիական և պատմագիտական հետազոտություններն ունենան ամուր ու անհերքելի հիմքեր»,- ասում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Սյուզաննա Պետրոսյանը։

Դասախոսություններ կարդացին Վիգէն Չըթըրեանն ու Նաիրա Սահակյանը, Անահիտ Քարտաշյանը և Բենիամին Պողոսյանը՝ Հայ-Ռուսական համալսարանից, Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը, ինչպես նաև Աննա Գևորգյանը՝ Երևանի պետական համալսարանից ու Արման Գրիգորյանը՝ Փենսիլվանիայի Լիհայի համալսարանից։

Ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ընթացիկ և առաջիկա հետազոտական նախագծերի դժվարությունները և խորհուրդներ ստացան ինչպես մյուս ուսանողներից, այնպես էլ քննարկումները վարող դասախոսներից։

«Թագորի» կենտրոնում կկազմակերպվեն հավելյալ աշխատաժողովներ, որոնք կկենտրոնանան հետազոտությունների մեթոդաբանության և մոտեցումների վրա: Դրանց մասնակցել ցանկացող հայաստանաբնակ ուսանողները կարող են էլեկտրոնային նամակ գրել [email protected] հասցեին և գրանցվել «Թագորի» կենտրոնի ուսանողների ցանկում։

Առաջիկա ամիսներին կայանալիք աշխատաժողովների շրջանակում տեղի կունենա քանդակագործների հավաք; գիտաժողով՝ նվիրված պատմական ժառանգության ու արդի տեխնոլոգիաների առնչություններին, հատկապես՝ հետպատերազմյան համատեքստում; մի քանի սեմինար՝ անիմացիայի, թատրոնի և հրատարակչության ոլորտի ներկայացուցիչների համար: Հետազոտողներն ու փորձագետները կհավաքվեն տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ քննարկումների համար։

Լոս Անջելեսից Թագորյանների ընտանիքը Հարավային Կալիֆոռնիայի Հայագիտության իստիտուտին է նվիրաբերել իր այս առանձնատունն օգտագործելու իրավունքը։ Տարածաշրջանային այս յուրատեսակ կենտրոնը, ինչպես հետազոտությունների ու համաժողովների կենտրոններն այլուր, դառնալու է միջմշակութային և միջմասնագիտական փոխանակման կարևոր հանգրվան: Հայաստանից, Կովկասից, Եվրոպայից ու ԱՄՆ-ից հետազոտողներ և ուսանողներ են գալու այստեղ՝ ուսումնասիրելու արվեստ, հասարակական ու հումանիտար գիտություններ, ինչպես նաև բիզնես ու ճարտարագիտություն՝ երիտասարդ գիտնականների համար ավելի կարևոր և այժմեական ձևաչափով։

Մեկնաբանել