Ադրբեջանում մամուլը սահմանափակող օրենք է ընդունվել

Իսմի Աղաև, OC Media

Լրատվամիջոցների մասին Ադրբեջանի նոր օրենքը էական սահմանափակումներ է տարածում մամուլի ազատության վրա։ Սահմանափակումներից մեկը բոլոր լրագրողների համար ռեգիստրի ստեղծումն է՝ գրանցման ոչ թափանցիկ պահանջներով. նրանք, ովքեր պաշտոնապես կճանաչվեն լրագրող, կստանան արտոնություններ, ներառյալ՝ արտոնյալ հիփոթեքային դրույքաչափեր:

Ալիևը նոր օրենքը ստորագրել է փետրվարի 8-ին։ Այն Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին։

Լրագրողների պաշտոնական ռեգիստրը թույլ չի տալիս քրեական անցյալ ունեցող որևէ անձի զբաղվել լրագրությամբ և պահանջում, որ ապագա լրագրողները հանձնեն «թեստ», որը դեռ հայտնի էլ չէ: Օրենքը նաև պահանջում է, որ Ադրբեջանում գործող լրատվամիջոցների սեփականատերերը նույնպես բնակվեն Ադրբեջանում: Արդյունքում, երկրից դուրս գործող ընդդիմադիր լրատվամիջոցների համար աշխատող լրագրողները քրեական հետապնդման կենթարկվեն: Առցանց լրատվամիջոցներին, որոնք օրական 20 նյութից քիչ կունենան, նույնպես կարգելվի օրինապես որպես լրատվամիջոց ճանաչվել:

Օրենքը էական սահմանափակումներ է նախատեսում նաև, թե ինչ կարող են հաղորդել լրագրողները՝ պահանջով, որ լրագրողները միայն «օբյեկտիվորեն» մեկնաբանեն՝ առանց սահմանելու, թե իրականում ինչ է նշանակում «օբյեկտիվություն»՝ իշխանություններին իրավունք տալով ինքնուրույն մեկնաբանել օրենքը:

«Այս օրենքը նպատակ ունի ուժեղացնել հսկողությունը լրատվամիջոցների նկատմամբ և օրինականացնել գրաքննությունը»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժաննա Կավելիեն կազմակերպության տարածած հաղորդագրությունում։

Օրենքն արժանացել է նաև ադրբեջանցի լրագրողների բուռն քննադատությանը։

«Նախագահ Ալիևը ստորագրել է ԶԼՄ-ների վրա դրված դրակոնյան օրենքը»,- Ֆեյսբուքում գրել է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան։ «Մենք (լրագրողներս) այլևս անօրինական ենք այս երկրում»։

Երբ օրենքը առաջին անգամ հրապարակվեց, մի խումբ լրագրողներ մի քանի ցույց անցկացրին խորհրդարանի շենքի մոտ՝ ի նշան օրենքի բողոքի։ Այդ ցույցերը բռնի ուժով ցրվեցին։

Կառավարությունը, մինչդեռ, անդրդվելի է օրենսդրության պաշտպանության հարցում:

«Կարծում եմ, որ օրենքը կկարգավորի ԶԼՄ-ների և պետության հարաբերությունները»,- «Ամերիկայի ձայն»-ին ասել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն: «Օրենքը պաշտպանում է ԶԼՄ-ների անկախությունը, խոսքի ազատությունը և նրանց նկատմամբ որևէ պատժամիջոց կամ սահմանափակում չի սահմանում»,- ասել է նա։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Ադրբեջանն ունի աշխարհում լրագրության ամենածանր սահմանափակումները, և մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրների շարքում զբաղեցնում է 167-րդ տեղը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի