Վերջին շաբաթում առաջին դեղաչափով պատվաստվածների թիվն ավելացել է 13 118-ով

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր փետրվարի 13-ի դրությամբ` կատարվել է 1 959 789 պատվաստում, որից 1 067 296-ը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացածներն են, 876 951-ը՝ երկրորդ դեղաչափը, 15 539-ը՝ երրորդ դեղաչափը կամ բուստերը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջին դեղաչափով պատվաստվածների թիվն ավելացել է 13 118-ով, երկրորդ դեղաչափով պատվաստվածներինը՝ 17 970-ով:

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ» և «Մոդեռնա» պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 12 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

«Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- հայտնում են նախարարությունից։

Մեկնաբանել