Հայաստանը ձեռք է բերել 100 հազար դեղաչափ «Պֆայզեր»

«Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակ ներկրվել է Հայաստան, հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Մինչ այս Հայաստանում պատվաստումներ իրականացվում էին «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ» և «Մոդեռնա» պատվաստանյութերով։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր փետրվարի 13-ի դրությամբ` կատարվել է 1 959 789 պատվաստում, որից 1 067 296-ը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացածներն են, 876 951-ը՝ երկրորդ դեղաչափը, 15 539-ը՝ երրորդ դեղաչափը կամ բուստերը։

Մեկնաբանել