«Վստրեչի Ապերի» 870 մլն դրամի անշարժ գույքը կարող է բռնագանձվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդանյանից («Վստրեչի Ապեր» մականունով) ու նրա հետ փոխկապակցված երկու անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու հայցադիմումը։

Հայցադիմումը ներկայացրել է Գլխավոր դատախազությունը, որն էլ հաղորդել է այդ մասին։ Դատախազությունը հայտնում է, որ հօգուտ Հայաստանի Հանրապետության են բռնագանձվելու Վարդանյանի՝ Երևանում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի ու Տավուշի մարզերում գտնվող չորս հողամասերը։

Դրանց շուկայական արժեքը կազմում է 871 միլիոն դրամ։ Ավելի քան 260 միլիոն դրամ է կազմում Վարդանյանի «ապօրինի դրամական միջոցների մնացորդը», ևս 472 միլիոն դրամ, ըստ դատախազության, «չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում»։

Այս գումարը, սակայն, հնարավոր չէ բռնագանձել, քանի որ այն փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնար է եղել այն նունականացնել կամ առանձնացնել։