«Մի օր նպատակահարմար համարելու» դեպքում ընդդիմությունը կմասնակցի պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

«Եթե մի օր նպատակահարմար համարի», խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կարող է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին․ հանձնաժողովի մեկնարկային նիստում այդ մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Հանձնաժողովը ստեղծվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ անցյալ շաբաթ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ավելի հստակ արտահայտվեց՝ գործող իշխանության օրոք հնարավոր չէ ապահովել քննիչ հանձնաժողովի օբյեկտիվ աշխատանքը․ իրենք չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

«Բնականաբար, 44-օրյա պատերազմի հանգամանքները շարունաում են մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց դրա աշխատանքները պիտի իրականացվեն, երբ այս իշխանությունը չլինի իշանության»,- հայտարարեց Աբրահամյանը։

«Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը իր խոսքում նշեց՝ այնպես չէ, որ մի կողմ են քաշվում ու մամուլով են տեղեկանալու հանձնաժողովի աշխատանքներին, բայց քաղաքական ուժը, որը մեծամասնություն է հանձնաժողովում, կաշկանդված է պատերազմի հանգամանքների պարզմամբ։ Նույն խմբակցության նրա գործընկերը՝ Գեղամ Մանուկյանը, հիշեցրեց, որ, օրինակ, 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվեց ոչ թե ՀՀԿ-ի իշխանության օրոք, այլ 2018 -ի իրադարձություններից հետո. «Մենք լքում ենք դահլիճը, եթե մի օր նպատակահարմար համարենք, կարող ենք գալ ու շարունակել մասնակցել»,- նշեց նա։

«Հայաստան» դաշինքի ու «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները լքեցին նիստերի սենյակը։

Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ ընդդիմադիրներն ասելիք չունեին, «եկան, գլուխները կախ՝ գնացին»։ Նա ասաց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին սպասում են հազարավոր զոհերի հարազատներ, նրանցից ոմանք նաև կմասնակցեն աշխատանքներին։

Խորհրդարանական այս հանձնաժողովը քննելու է պատերազմի հետևանքները՝ ուսումնասիրելու է պատերազմի նախադրյալները, ժամանակագրությունը, հայկական կողմի կորուստները, պարտության ռազմաքաղաքական պատճառները, հրամանները և այլն։ Հանձնաժողովը կարողանալու է պահանջել ու ստանալ պաշտպանության ոլորտի նորմատիվային ու ոչ նորմատիվային ակտեր՝ հրամաններ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, հաշվետվություններ և այլն, քրեական գործերից տեղեկատվություն, պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ լինելու են հանդիպումներ։

Մեկնաբանել