Լոռու մարզում երկրաշարժից հետո սրվել են վթարային շենքերի ու պոչամբարների անվտանգության խնդիրները

Թեղուտի պոչամբարը

Փետրվարի 13-ի երկրաշարժը Լոռու մարզի խոշորացված Ալավերդի, Թումանյան, Օձուն, Ախթալա, Շնող համայնքների բնակավայրերում գրանցվել է 5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի հաջորդ օրը ՍիվիլՆեթը հարցեր ուղղեց Թումանյանի տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական երկու ձեռնարկությունների՝ սեյսմիկ ռիսկեր պարունակող «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի Թեղուտի և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարների վրա հետևանքների մասին: «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարում շահագործման սեյսմիկ լուրջ ռիսկեր կան: Նախկինում Թեղուտի պոչամբարը նախագծվել է 8 բալ սեյսմակայունության համար, հիմա ընկերությանը պոչամբարի համար սեյսմիկ նոր պայմաններ են առաջարկվում․ այն պետք է լինի 9 բալ սեյսմակայունությամբ:

«Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարները հավաստիացնում են, որ ներկայում պոչամբարում «ճգնաժամային վիճակ չկա», լինելու դեպքում ընկերության աշխատանքները կդադարեցվեն:

Բայց արդյոք պարբերական երկրաշարժերը սեյսմիկ վտանգներ չե՞ն ստեղծում պոչամբարի անվտանգության համար:

«Ես վաղ առավոտյան «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությանը հարցրել եմ Թեղուտի պոչամբարի վրա նախորդ օրվա երկրաշարժի հնարավոր ազդեցության մասին: Ինձ ընկերությունից պատասխանել են, որ երկրաշարժից հետո պոչամբարի տեխնիկական վիճակի բացասական որևէ փոփոխություն չի արձանագրվել»,- հայտնեց Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Սեյսմիկ լուրջ ռիսկեր է պարունակում նաև «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին» պատկանող Նահատակի պոչամբարը, որը գտնվում է Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի արանքում․ այն բերնեբերան լցված է և անթույլատրելի է շահագործման համար։

Ալավերդու Սարահարթ թաղամասի հրապարակը

Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի վստահեցմամբ՝ երկրաշարժի ազդեցություն ինչպես Նահատակի պոչամբարում, այնպես էլ համայնքի սոցիալ-կենցաղային մյուս օբյեկտներում չի գրանցվել:

Թումանյանի համայնքապետ Սուրեն Թումանյանն էլ հայտնեց՝ երկրաշարժի հետևանքով համայնքի բնակելի և արտադրական շենքերի պատերին և առաստաղներին ճեղքեր են առաջացել:

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն էլ պատմեց, որ երկրաշարժի էական հետևանքներ չեն նկատվել իրենց բնակավայրերում:

1988-ի երկրաշարժից հետո վթարային ճանաչված՝ Ալավերդու Սանահին կայարանային, Էնգելս, Փիրուզյան և Սանահին Սարահարթ թաղամասերի պետական բնակելի ֆոնդի 54 բնակելի շենքերի համար փետրվարի 13-ի երկրաշարժը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ: 88-ի երկրաշարժից վթարային է դարձել նաև Ալավերդու սոցիալ-կենցաղային և արտադրական շենքերի 45 տոկոսը:

Սանահին Սարահարթ թաղամասի 3/9 շենքի բնակիչները առաջին երկրաշարժից հետո Ալավերդու նախկին քաղաքային խորհրդի գործկոմի որոշումներով վերաբնակեցվել են Թուրքմենշին թաղամասի նորակառույց շենքերում, իսկ դատարկված վթարային շենքերը վերաբնակեցվել են անկախության տարիներին։

Համայնքապետ Սասուն Խեչումյանը տեղեկություն չուներ Ալավերդու վթարային շենքերի ճակատագրի մասին․ «Քաղաքային տնտեսության վրա 88-ի երկրաշարժի հետևանքների արխիվը չի պահպանվել»,- ասաց նա: Համայնքապետի խոսքով՝ երկրաշարժը էական վնասներ չի հասցրել քաղաքի բնակարանային ֆոնդին և տնտեսությանը, այդուհանդերձ, խուճապ է առաջացրել Ալավերդու բնակչության շրջանում։

ՍիվիլՆեթը երկրաշարժի հետևանքների մասին զրուցեց նաև ալավերդցիների հետ։ Նրանք պնդում են՝ որքան էլ լուրջ վնասներ չեն կրել, բայց շատ վախեցել են։

Անդրանիկ Գալինյանն ապրում է Սարահարթ թաղամասի 1/13 շենքի 3-րդ հարկում: Նա փետրվարի 13-ի երկրաշարժը 6 բալից պակաս չի գնահատում և շեշտում, որ բնակարանների հիմնական պատերի փոփոխությունները թուլացնում են բնակելի շենքերի տեխնիկական վիճակը․ «Հիմա ով ուզում է՝ շենքերի կապիտալ պատեր է քանդում: Ախր չի կարելի դա անել: Եթե Ալավերդիում մեկ էլ 6 բալ երկրաշարժ լինի, բնակելի շենքերը չեն դիմանա, 88-ի երկրաշարժին շատ շենքեր արդեն խարխլվել են»:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել