3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում

3+3 (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան) ձևաչափով երկրորդ հանդիպումը կկայանա Իրանում, հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Փետրվարի 14-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ողջունել է «3+3» ձևաչափով Հարավային Կովկասի հարթակի հաջորդ հանդիպումը Իրանում անցկացնելու պայմանավորվածությունը` հույս հայտնելով, որ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։

Լավրովը նաև «3+3» Հարավային Կովկասի պլատֆորմի առաջիկա նստաշրջանը գնահատել է որպես տարածաշրջանային համագործակցության խորացմանը հասնելու կոնսենսուսի հնարավորություն՝ ի շահ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների:

2021-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել էր 3+3 կամ 3+2 ձևաչափով նախանիստ, որին Հայաստանը մասնակցել էր արտաքին գործերի նախարարի տեղակալի կարգավիճակով։

Մեկնաբանել