Ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ, հայտնում է Արցախի դատախազությունը։
«Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ»,- ասված է հաղորդագրությունում։
Արցախի ոստիկանությունը կատարում է դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:
«Արցախի քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն, Ադրբեջանի դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը»,- նշված է դատախազության հայտարարությունում։