Արցախում օրենքով բռնազավթված կհամարվեն նաև նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքները

map nk nagorno karabakh

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Արցախի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 15-ին հրավիրած քննարկմանը դրական եզրակացություն տվեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծին։ Օրենքի նախագիծը փետրվարի 1-ին շրջանառության մեջ են դրել Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները։

Որո՞նք են համարվում բռնազավթված տարածքներ

«Ե՞րբ խոսում ենք մեր օկուպացված տարածքների մասին, հղում է կատարվում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։ Մենք կարո՞ղ ենք խոսել Քաշաթաղի և Շահումյանի մասին, նաև Ակնայի [Աղդամ] մասին։ Մենք դրանք դիտարկո՞ւմ ենք որպես օկուպացված տարածքներ»,- Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հարց ուղղեց օրինագիծը ներկայացրած պատգամավորներից ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Մոսիյանին։

«Միանշանա՛կ։ Երկու Շահումյաններն ընդգրկված են [նկատի ունի ԼՂԻՄ-ից հյուսիս գտնված Շահումյանի շրջանը, ինչպես նաև հետագայում Արցախի Հանրապետության կազմում ձևավորված Շահումյանի շրջանը – ՍիվիլՆեթ]։ Հիմքը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չէ, այլ Սահմանադրությունը։ Սահմանադրությամբ հստակեցված է»,- ասաց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Մոսիյանը կարդաց նախագծի առաջին հոդվածում նշված սահմանումը, որը ենթադրում է 1994-1995, 2016, 2020 թվականներին պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքները։ Նրա խոսքով՝ օրինագիծը վերաբերում է բոլոր շրջաններին։

Պատգամավորը հղում արեց Սահմանադրության 175-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ Արցախի հանրային իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք գտնվում են նրա իրավազորության ներքո՝ մինչև սահմանների ճշգրտումը և տարածքային ամբողջականության վերականգնումը։ «Այդ իմաստով հղում է կատարվում, որ առաջին պատերազմից հետո ունենք Մարտունու, Մարտակերտի շրջաններից բռնազավթված տարածքներ, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց Մոսիյանը։

«Որպեսզի բնակավայրերը մեկ-մեկ չնշենք, մենք հղում ենք կատարել [«Վարչատարածքային բաժանման մասին»] օրենքին, որ կագրավորում է այդ հարաբերությունները»,- ասաց Մոսիյանը։

«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծով բռնազավթված տարածքների հետևյալ սահմանումն է տրվում՝ առանց կոնկրետ տարածքների մասնավորեցման․

«Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները»։

Հանձնաժողովը կողմ քվեարկեց նախագծի ընդունմանը։ Այն ընդգրկվելու է ԱԺ-ի առաջիկա նիստի օրակարգում։

«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քաղաքացիական և Ընտրական օրենսգրքերում։ Փետրվարի 16-ին Արցախի Ազգային ժողովը հերթական նիստի ժամանակ քննության կառնի «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

«Բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն կծավալեն Ադրբեջանի բռնազավթած տարածքներում:

Տե՛ս նաև՝

Մեկնաբանել