Ադրբեջանում բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել

OC Media

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության պետ Ռաֆայել Խալիլովին, ինչպես նաև գերատեսչության ևս երեք բարձրաստիճան աշխատակիցների։

Խալիլովը և մյուս երեք անձինք ձերբակալվել են փետրվարի 13-ին Պետական անվտանգության ծառայության կողմից պաշտպանության նախարարության գրասենյակներում իրականացված խուզարկությունից հետո: Նրանց նկատմամբ կիրառվել է չորս ամսվա նախնական կալանք։

Խալիլովի հետ ձերբակալվածներից մեկը Ցամաքային ուժերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովն է։ Ձերբակալված սպաները մեղադրվում են ավելի քան 10 միլիոն ադրբեջանական մանաթի (5,9 միլիոն դոլար) յուրացման մեջ, և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 10-ից 14 տարվա ազատազրկում:

Ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ջասուր Մամեդովը OC Media-ին ասել է, որ ձերբակալությունները կապված են ադրբեջանական զինուժի՝ թուրքական զինված ուժերի «մոդելի» հիման վրա «վերակառուցման» հետ։

«Այս ձերբակալությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքական իշխանությունները ճանապարհ են հարթում Թուրքիայի ռազմաքաղաքական գծի համար»,- ասել է Մամեդովը։

Նա հավելել է, որ ռազմական բարեփոխումներին միտված նման «զտումները» զինված ուժերում կոռուպցիայի վերացման հարցում սահմանափակ կլինեն, քանի որ կոռուպցիայի մեծ մասն առկա է «ներկայիս քաղաքական ղեկավարության շարքերում», որը կմնա անձեռնմխելի և միայն «կմաքրի բանակը իր շահերի սահմաններում»։

«Այդ գործընթացները պարզապես օրինակ ծառայելու և այլ կառույցներին ու զինվորականներին վախեցնելու համար են»,- ասել է Մամեդովը։

Մեկնաբանել