Հայաստանի բանկերի տարեկան կապիտալը 2021-ին ավելացել է 7,6%-ով՝ կազմելով 958 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) ամփոփել է բանկային համակարգի գործունեության 2021-ի արդյունքները, ըստ որի՝ ՀՀ առևտրային 17 բանկերի տարեկան ընդհանուր կապիտալն 2021-ին ավելացել է 7,6%-ով՝ կազմելով 958 մլրդ դրամ: Իսկ ընդհանուր ակտիվները 2021-ին աճել են 6,7%-ով՝ կազմելով 7 տրլն 80 մլրդ դրամ։

«Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն նվազել են շուրջ 214 մլրդ դրամով կամ 5,1%-ով, իսկ 30.09.2021թ.-ի համեմատ ավելացել է 65 մլրդ դրամով կամ 1,7%-ով»,- ասված է ՀԲՄ հաղորդագրությունում։

Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (1 տրլն 850 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 տրլն 740 մլրդ դրամ) ֆիզիկական անձանց վարկերը և 12%-ը՝ (476 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները․ «Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 56%, արտարժույթով վարկերինը՝ 44%»,- նշում են միությունից։

2021-ին ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 374 մլրդ դրամով (6,5%), ընդհանուր ավանդները` շուրջ 316 մլրդ դրամով կամ 8,5%-ով։

Հայաստանի բանկերի միությունը ներկայացնում է նաև բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների տվյալները: Մասնավորապես՝ 2021-ին արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 268 մլն դոլարով կամ 14,6%-ով:

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշել է, որ բանկային համակարգը 2021-ն ամփոփել է սպասվածից ավելի դրական արդյունքներով, ինչի մասին վկայում են համակարգի գործունեությունը ներկայացնող առանձին ցուցանիշները։

«2021թ․ հետպատերազմական տարում, երբ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէին նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետևանքները, բանկային համակարգին հաջողվեց դիմակայել մարտահրավերներին և հասցեական ու արդյունավետ կերպով արձագանքել ու լուծում տալ առկա խնդիրներին։ Հատկանշական է նաև, որ բանկային գործունեության ընթացքում մեղմվել են նաև տնտեսությունում առկա մի շարք խնդիրներ։ Տարին առանձնացել է նաև այն հանգամանքով, որ բանկային համակարգն իր վրա էր վերցրել բավականին մեծ սոցիալական բեռ ու իրականացրել մեծածավալ աշխատանքներ»,- ասել է Սեյրան Սարգսյանը։