Արման Թաթոյանն այցելել է Արցախի խորհրդարան

Փետրվարի 15-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն ու հրապարակումները։ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Թաթոյանին առանձնապես փաստահավաք գործունեության և միջազգային հարթակներում Արցախն ու Արցախի խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև պատերազմական և հետպատերազմյան իրողություններին, անվտանգային խնդիրներին ու սպառնալիքներին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության նոր դրսևորումներին։

Այնուհետև Արման Թաթոյանը հանդիպել է պատգամավորների հետ: Նա ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի գործունեությունը, ջանքերը՝ միջազգային ատյաններում Արցախի իրավունքների պաշտպանության հարցում:

«Պատերազմի ժամանակ միջազգային հանրության պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը սակայն չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում»,- ասել է Հայաստանի ՄԻՊ-ը:

***

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի մեկնել Արցախ, մինչդեռ նախքան այդ առնվազն 12 նմանաբնույթ այց է ունեցել։

Մեկնաբանել