Թուրքիայի քաղաքացիների բիզնեսները Հայաստանում․ նախարարի պնդման հետքերով

Հովհաննես Նազարեթյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Թուրքիայի քաղաքացիների՝ Հայաստանում հաստատվելու և բիզնես գործունեություն ծավալելու մասին պնդումներին՝ նշելով, որ Հայաստանի տնտեսությունը մշտապես բաց է եղել Թուրքիայի համար, և Թուրքիայի քաղաքացիներն էլ կարողացել են կապիտալ ձեռք բերել Հայաստանում։

Քերոբյանը լրագրողներին խորհուրդ էր տվել հարցում ուղարկել և պարզել՝ արդյոք Թուրքիայի քաղաքացիներն ունե՞ն անշարժ գույք և ընկերություններ Հայաստանում։

Թուրքիայի քաղաքացիների բիզնես գործունեությունը Հայաստանում

Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների ներգրավվածությամբ ընկերությունների վիճակագրություն չի վարում ո՛չ Վիճակագրական կոմիտեն, ո՛չ էլ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը։

Պետռեգիստրի կայքում (e-register.am) ընլայնված որոնման միջոցով հնարավոր է ստանալ ընկերությունների ցանկը, որոնցում որպես մասնակից(ներ) կամ սեփականատեր(եր) հանդես են գալիս (եկել) Թուրքիայի քաղաքացիներ։ Պետռեգիստրից, սակայն, հայտնեցին, որ ցանկը կատարյալ չէ։

Որոնման արդյունքում ստացվում է երկար ցանկ, որում ընդգրկված է 454 իրավաբանական անձ՝ ընկերություն։ Ուսումնասիրելով ցանկը՝ պարզ է դառնում, որ ընկերությունների անունները հաճախ կրկնվում են և ցանկում թվարկված են մի քանի անգամ։ Այդ իսկ պատճառով հստակ թիվ հնարավոր չէ ունենալ։ Ռեգիստրում առկա է Թուրքիայի քաղաքացու մասնակցությամբ դեռևս 1998-ին ստեղված ընկերություն։ Շատ ընկերություններ մի քանի տարի գործունեություն իրականացնելուց հետո դադարեցրել են այն։

CivilNetCheck-ը ստորև ներկայացնում է Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ Պետռեգիստրում գրանցված տասն ընկերություն։

Ինչպես երևում է ցանկում, Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ Հայաստանում ստեղծված ընկերությունները հիմնականում զբաղվում են առևտրով, զբոսաշրջությամբ և ավիատոմսերի վաճառքով, ծառայությունների մատուցմամբ և արտադրությամբ։

Այս ընկերությունների մեջ աչքի է ընկնում «Մուրադ Սար» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2004-ին և զբաղվում է դռների և պատուհանների կառուցվածքների (պոլիվինիլիքլորիդե u-PVC պրոֆիլների) արտադրությամբ։ Ըստ ընկերության կայքի՝ այն «շատ կարճ ժամանակում գրավել է առաջատար դիրքեր հայաստանյան շուկայում»։ Ընկերության միակ բաժնետերը Սարայլը Մուրադն է։

«Մուրադ Սար»-ը 2021-ին մտել է հազար խոշոր հարկ վճարողների ցանկ՝ զբաղեցնելով 380-րդ տեղը։ Այն վճարել է 608 մլն դրամ (շուրջ 1,27 մլն դոլար) հարկ և մաքս։

2012-ին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել էր «Մուրադ Սար»։ Կառավարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ ընկերությունը մասնագիտացած է մետաղապլաստե պրոֆիլների, ինչպես նաև դրանց հիմքի վրա դռների ու պատուհանների արտադրությամբ: Նշվում էր, որ հումքը ներկրվում է Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից։ Ընկերությունը մուտք է գործել նաև վրացական և իրանական շուկաներ։

2021-ի մայիսին արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գովազդում էր «Մուրադ Սարը»՝ «ընտրիր հայկականը» խորագրի տակ։

Թուրքիայի քաղաքացիներին պատկանող ընկերությունների մեկ այլ նշանակալից օրինակ է «Երազ Ջեվելերի» ՍՊԸ-ն՝ 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ Այն հիմնվել է 2018-ի օգոստոսին։ Ընկերության 100 տոկոս բաժնետերն է Բեյհան Բաղը։ Ընկերության գործունեությունն այժմ ժամանակավոր դադարեցված է, սակայն այն զբաղվել է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի մեծածախ առևտրով։ Հատկանշական է, որ 2018-ի սեպտեմբերի 14-ի նիստում կառավարությունը «Երազ Ջեվելերի»-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն էր տրամադրել՝ ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար: Թույլտվության գործողության ժամկետը սահմանվել էր յոթ տարի:

Ընկերությունների ցանկում կան դեպքեր, որ թեև սեփականատերերը ունեն Թուրքիայի քաղաքացիություն, բայց ազգությամբ հայ են։

«Գրափունջ» ՍՊԸ-ն, օրինակ, հիմնվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի եղբոր՝ Երվանդ Դինքի (Դինկ Երվանտ) կողմից և հանդիսանում է Հայաստանում Օքսֆորդի համալսարանի հրատարակչության ներկայացուցիչը։ Այն գրախանութ ունի Երևանի Կասյան փողոցում։

Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ՝ հունվարին ստեղծված «Արև Թրեվլ» ՍՊԸ-ն հիմնել է Արեգ Էրզուրումլուօղլուն, որը ևս, դատելով անունից, հավանաբար հայ է։ «Արև Թրեվլ»-ը դասակարգված է որպես զբոսաշրջային գործակալություն։

Ինչ անշարժ գույք ունեն թուրքերը Հայաստանում

Կադաստրի կոմիտեից CivilNetCheck-ին հայտնեցին, որ այժմ Հայաստանում Թուրքիայի 56 քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանում է 77 միավոր անշարժ գույք։

«Ֆակտոր» լրատվական կայքը Կադաստրի կոմիտեից նաև ստացել էր Թուրքիայի քաղաքացիների ձեռք բերած անշարժ գույքը՝ ըստ տարիների։

Loading...

Loading…

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 83 միավոր գույք, որից վեցը հետագայում օտարվել է։ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք առաջին անգամ ձեռք են բերել 2005-ին։ Նրանց կողմից ամենաշատ անշարժ գույք ձեռք է բերվել 2017 և 2019 թվականներին, համապատասխանաբար 15 և 18։ Հնարավոր է՝ այս անձանցից ոմանք լինեն ազգությամբ հայ, սակայն ունենան Թուրքիայի քաղաքացիություն։

․․․

Փաստացի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պնդումը, թե Հայաստանում Թուրքիայի քաղաքացիները մշտապես հնարավորություն են ունեցել անշարժ գույք ձեռք բերելու և բիզնես գործունեություն ծավալելու, ճիշտ է։ Ինչպես ցույց են տալիս փաստերը՝ նրանք տարբեր տարիների ձեռք են բերել անշարժ գույք և ստեղծել ընկերություններ։

Մեկնաբանել