Արցախի ընդդիմադիր ուժերն աջակցություն են հայտնում նախագահ Արայիկ Հարությունյանին

Արցախի ընդդիմադիր 3 քաղաքական ուժեր՝ ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը, Արցախի ժողովրդավարական և Արդարություն կուսակցությունները հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում նախագահ Արայիկ Հարությունյանին՝ կապված նրան ձերբակալելու՝ Ադրբեջանի իշխանությունների մտադրության հետ։ «Չնայած ներքին քաղաքական կյանքում Արցախի նախագահի հետ ունեցած տարաձայնություններին», ընդդիմադիրները նշում են, որ «չեն կարող անտարբեր մնալ պետականության ինստիտուտներից որևէ մեկի նկատմամբ բացահայտ ոտնձգության հանդեպ»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի ու նրա պետականության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սպառնալիքի և հայատյացության հերթական դրսևորում:

Չնայած ներքին քաղաքական կյանքում Արցախի նախագահի հետ ունեցած մեր տարաձայնություններին՝ առաջնորդվելով բացառապես հանրային ու պետական շահերով՝ չենք կարող անտարբեր մնալ Արցախի Հանրապետության պետականության ինստիտուտներից որևէ մեկի նկատմամբ բացահայտ ոտնձգության հանդեպ:

1990-ական թվականներից մեր ժողովրդի դեմ ագրեսիա սանձազերծած և այդ ընթացքում բազմաթիվ ռազմական հանցագործություններով հայտնի դարձած Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել իրենց մեղքերը: 2020-ի աշնանը պարտադրված նոր պատերազմի ու դրա արդյունքում ունեցած ծանր կորուստների խորապատկերի վրա Արցախի նախագահի հանդեպ քրեական հետապնդման գործընթաց սկսելու հավակնությունների մասին հայտարարությունը ցինիկ մարտահրավեր է բոլոր այն կառույցներին ու երկրներին, որոնց ջանքերով կանխվել է նոր ցեղասպանություն իրականացնելու ադրբեջանա-թուրքական ծրագիրը:

Ստեղծված պայմաններում հորդորում ենք հայության բոլոր հատվածներին ու ազգային կառույցներին հակարշավ նախաձեռնել և Ադրբեջանի ձեռնարկած հերթական հակաարցախյան ահաբեկչական նկրտումների մասին իրազեկել բոլոր պատկան մարմիններին ու քաղաքական շրջանակներին: Կասկած չկա, որ այդ քայլով ադրբեջանական կողմը նպատակ է դրել արժեզրկել տարածաշրջանում կայունություն հաստատելու կոչված խաղաղարար ուժերի ջանքերը և նոր խոչընդոտներ ստեղծել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մանդատ ունեցող Մինսկի խմբի համար:

Արցախի իրավապահ մարմիններից պահանջում ենք գործընթաց սկսել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ որպես պատերազմի իրական հանցագործների՝ միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու համար:

Կոչ ենք անում «խաղաղության դարաշրջանով» ոգևորված ուժերին սթափվել և կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգությունը սեփական ուժերով կազմակերպելու վրա:

Արցախի դեմ տարվող բոլոր ծրագրերը հայոց պետականության ամրությունը սասանելու միտում ունեն: Վստահ ենք, որ Արցախի ժողովուրդը հավատարիմ կմնա անցած տասնամյակների որդեգրած սկզբունքներին և արժանապատվորեն կհակազդի հակառակորդի կողմից նախաձեռնած սադրանքներին ու ահաբեկչական գործողություններին»,- ասված է հայտարարությունում։