Երևանում ավտոբուսների նոր հավաքակայան կկառուցվի

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակ և Արշակունյաց փողոցների հատման վայրի հետնամասում կառավարությունը մտադիր է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։ Այդ նպատակով նշված տարածքը հանրային գերակա շահ ճանաչելուց առաջ կառավարությունը որոշել է այդ տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրություն իրականացնել։

Հարցը ներառված է կառավարության փետրվարի 17-ի նիստի օրակարգում։ Ավտոբուսների նոր հավաքակայանը կառուցվելու է Ասիական զարգացման բանկի քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ Երևանի այդ հատվածում հավաքակայանը կունենա կայանատեղի, գազալիցքավորման կայան, լվացման կայան, ադմինիստրատիվ շենք, սպասարկող շինություն և այլն։ Ըստ որոշման հիմնավորման՝ Երևանի համար արդեն իսկ ձեռք է բերվել 211 նոր ավտոբուս, ևս 100-ը առաջիկայում է ձեռք բերվելու, սակայն ավտոբուսների գործող հավաքակայանների վիճակն անբավարար է, դրանք չեն համապատասխանում աշխատանքային ու անվտանգության պայմաններին։ Ընտրված տարածքը 12 հեկտար է, հավաքակայանը սպասարկելու է 400 ավտոբուս։

«Հավաքակայանի կառուցման համար նախատեսված տարածքում առկա գույքերի և հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումից առաջ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գույքերի նախնական ուսումնասիրման աշխատանքներ»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։ Ընդհանուր առմամբ ծրագիրը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ 350 միլիոն դրամ։

Մեկնաբանել