Հայաստանը գնում է ռուսական ազդեցությունը թուրքականով փոխարինելու ճանապարհով․ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա ասուլիսին ահազանգեց, որ Հայաստանը գնում է «ռուսական ազդեցությունը թուրքականով փոխարինելու ճանապարհով»։ Այս տարբերակը նա անվանեց՝ «Հայաստանի պլանավորած, այսպես կոչված, աջարիզացիա»։

Քոչարյանը կարծում է, որ Թուրքիան դադարելու է Հայաստանը դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն ՀՀ քաղաքականության վրա։

«Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրք ունենա տնտեսության ու լիարժեք ազդեցություն քաղաքականության վրա։ Սա հնարավոր է այն ժամանակ, երբ ռուսական ազդեցությունը սկսի նվազել ու փոխարինվել թուրքական ազդեցությամբ։ Դա հնարավոր է, եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղից ընդհանրապես»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս քաղաքականությունն անկասկած աջակցություն է ունենալու ԱՄՆ-ի կողմից։ Քոչարյանը կարծում է, թե Հայաստանը գնում է այս ճանապարհով։

«Վրաստանի օրինակը եղել է իմ աչքի առաջ և ես տեսել եմ, թե ինչպես 5-10 տարվա ընթացքում փոխեցին մարդկանց մոտեցումներն ու ակտիվ հակառուսականություն արմատավորվեց Վրաստանում։ Պետք է ազնիվ լինենք ու փորձենք մեր ժողովրդին ասել, որ կա այս ճանապարհն ու այն ճանապարհը»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«Ձևացնել, թե բան չի կատարվում մեր շուրջ, ուղղակի այսօր պետական հանցագործություն է։ Շուշիի հռչակագիրը խոսում է հենց դրա մասին, որ լուրջ աշխարհաքաղաքական պրոցեսներ են մեկնարկել Հարավային Կովկասում՝ ոչ մեր օգտին»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ փաստաթուղթը հուշում է «Թուրքիայի աճած դերի մասին տարածաշրջանում»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել