Մեկնարկել է «Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը

Փետրվարի 17-ին մեկնարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախաորակավորման մրցույթը։ Այն տևելու է 70 օր։ Կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախաորակավորման մրցույթին հրավիրվելու են այն կազմակերպությունները, որոնք կարող են կառուցել այս ճանապարհը։ Փաշինյանի խոսքով՝ ճանապարհի կառուցման արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է և այս մասշտաբի ներդրումային ծրագիր «Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել»։

Վարչապետը նաև հայտարարեց, որ Հայաստանը վերաձևակերպել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային նախագիծը. «Մենք դա վերաձևակերպել ենք ու դարձրել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ ու հույս ունենք, որ մեծ տեմպերով նախագիծը կիրականացնենք։ Ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանի Հանրապետությունը դեպի Իրան, մյուս ճյուղը Ադրբեջան-Հայաստան և հետագայում դեպի Թուրքիան է»,- ասաց նա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ մինչ տարվեվերջ Սիսիան-Քաջարան ճանապարհի համար շինարար ընկերությունը հայտնի կլինի։

Նախաորակավորման փուլին հաջորդելու է որակավորված ընկերությունների կողմից մրցույթին մասնակցության փուլը։ «Հյուսիս-հարավ» ծրագիրը ներառում է 560 կիլոմետր ճանապարհ, դրանից 60 կիլոմետրը Սիսիան-Քաջարան ճանապարհն է։

«Ներկայում գործող ճանապարհը Սիսիանից մինչև Քաջարան միջինում ունի 50 կմ/ժամ արագություն, մենք ճանապարհի կառուցմամբ կունենանք 100 կմ/ժամով ճանապարհ ու երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը։ Կլինի բարեկարգ, միջազգային ստանդարտներին համապատասխան»,- հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ճանապարհի շինարարության ծրագիրը տևելու է 6 տարի։ Ճանապարհահատվածը բաղկացած է լինելու նաև կամուրջներից, թունելային հատվածներից։

Մեկնաբանել