Գործոն դառնալու լուծումներից մեկը կարող է լինել միութենական պետության ձևավորումը. Քոչարյան

«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ չպետք է վախենալ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու հարցից։ Ավելին, նրա խոսքով, տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ միութենական պետություն ունենալու ճանապարհն է։

«Իմ իշխանության ժամանակ նման առաջարկ չի եղել, բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ ու շատ կոնկրետ հաշվարկով»,- ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավարը՝ փետրվարի 17-ի ասուլիսին։

Նրա խոսքով՝ բացի Ռուսաստանից չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի «Հայաստանին այս տարածաշրջանում գործոն սարքելու հարցում»։

«Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է գտնել, բայց այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես գնում։ Եթե դու գնում ես գործոն լինելու ճանապարհով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում, կարող է դա լինել։ Այսօր դա իսկապես չկա, այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Հայաստանի երկրորդ նախագահը՝ հավելելով, որ ներկայում ընդհանրապես պարզ չէ, թե պետությունն ինչ է ուզում։

Փետրվարի 9-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե «միութենական պետությունը բաց է բոլորի համար»։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույցներից մեկի ընթացքում անդրադարձել էր հետխորհրդային տարածաշրջանում միութենական պետություն ձևավորելու գաղափարին և հայտարարել, թե «Հայաստանը փախչելու տեղ չունի»։

Միութենական պետությունն իրենից ենթադրում է Ռուսաստանի հետ փուլային եղանակով քաղաքական, տնտեսական և անվտանգային ինտեգրացում։ 2021-ի նոյեմբերի 5-ին Ռուսաստանն ու Բելառուսը ստորագրեցին Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը, որը ներառում է տնտեսական ինտեգրմանը վերաբերող 28 միութենական ծրագրեր, այդ թվում՝ նավթի և գազի միասնական շուկա։ Պետություններն անցել են միասնական արդյունաբերական քաղաքականության, էներգետիկ շուկային, ինտեգրվում են վճարային համակարգերը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել