Սևանում կկառուցվի խոշոր արդյունաբերական ջերմոցային համալիր

Կառավարությունը փետրվարի 17-ին որոշում ընդունեց Սևան համայնքի 51 հեկտար մակերեսով տարածքն ուղղակի վաճառքի տեսքով օտարել քաղաքացի Էդուարդ Օհանյանին՝ արդյունաբերական ջերմոցային համալիր կառուցելու համար։

Վաճառվող հողերի մեծ մասը գյուղատնտեսական նշանակության հողեր են։ Ծրագիրն իրականացվելու է «Գրին սոլուշնս» ընկերության կողմից, կառուցվելու է խոշոր ջերմոցային տնտեսություն։ Ընկերությունը նախատեսում է տարեկան 12 000 տոննա բանջարեղեն արտադրել, որի մեծ մասն արտահանվելու է։ Ավելի քան 51 հեկտարը կառավարությունը օտարելու է կադաստրային արժեքով՝ 22 միլիոն դրամով։ Ներդրողը պարտավորվել է փոփոխել հողերի նպատակը։ Այս ծրագրով ընդհանուր առմամբ ներդրումը կազմելու է 48 միլիոն եվրո, ստեղծվելու են մինչև 400 աշխատատեղեր։ Ծրագիրն իրականացվելու է 5 տարվա ընթացքում։

Արդյունաբերական ջերմոցային տնտեսությունը կառուցվելու է «Գրին սոլուշնս» ՍՊԸ-ի կողմից, որը սեպտեմբերին հիմնադրել է Էդուարդ Օհանյանը։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ նա նաև ընկերության միանձնյա բաժնետերն է։ Օհանյանը իր հիմնական գործունեությունը ծավալում է կառուցապատման ոլորտում։ Նա «Իսթեյթ ինվեսթմենթ ընդ դիվելոփմենթ» ընկերության տնօրենն է։ Այս ընկերությունը ավելի հայտնի է որպես կառուցապատող 1SQ ապրանքանիշով։ Ընկերությունը բազմաբնակարան շենքեր է կառուցել Անաստաս Միկոյան և Տիգրան Մեծ փողոցներում, ներկայում մի քանի ընթացիկ նախագծեր կան Կարապետ Ուլնեցի փողոցում, Վերին Անտառայինում, Նոր-Նորքի առաջին զագվածում, Ծովակալ Իսակովում ու Հալաբյանում։

Էդուարդ Օհանյանը նաև կառուցապատող «Բեյսիք ինվեսթմենթ ընդ դիվելոփմենթ» ՍՊԸ-ի բաժնետերն է եղել, որը հետագայում դադարեցրել է գործունեությունը։ Օհանյանը 1 տոկոս բաժնեմաս ունի հայկական ավիաընկերություններից մեկում՝ Smart Airlines-ում։

Կառավարության որոշման համաձայն՝ եթե «Գրին սոլուշնս»-ը հինգ տարվա ընթացքում չկատարի ներդրումային ծրագիրը, ապա հողերի նկատմամբ նրա սեփականության իրավունքը կդադարեցվի։

Մեկնաբանել