Այսօր Գերմանիայի Բայրոյթ քաղաքում մեկնարկում է գերմանական դասական երաժշտության արքայի` Ռիխարդ Վագների անվան փառատոնը: Եվրոպայի հնագույն փառատոններից մեկի հիմնադիրը հենց ինքը կոմպոզիտորն է եղել:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1876թ. օգոստոսի 13-ին, սակայն ամենամյա դարձել է միայն Երկրորդ աշխարհամարտից հետո: Այն անցկացվում է հենց այս փառատոնի համար կառուցված «Ֆեստշփիլհաուս» թատրոնում:
Վագների մահից հետո փառատոնը կազմակերպել է նրա կինը` Կոզիմա Վագները, որին փոխարինել է նրանց որդին` Զիգֆրիդը: Այնուհետև փառատոնի ղեկավարի պատվավոր պաշտոնը ստանձնել է Զիգֆրիդի կինը` Վինիֆրեդ Վագները: Ծնողների մահից հետո փառատոնը սկսել են կազմակերպել Վագների թոռները` Վիլանդն ու Վորֆգանգը: 2008-ից Բայրոյթի փառատոնը ղեկավարում են կոմպոզիտորի ծոռնուհիներ Կատարինա Վագները և Եվա Վագներ Պասկյեն:
Վագների անվան փառատոնի ընթացքում ավանդաբար կատարվում են Վագների ստեղծագործությունները: Ընթացիկ փառատոնին, որը կտևի մինչև օգոստոսի 28-ը, կհնչեն «Պարսիֆալ», «Տրիստան և Իզոլդա», «Տանհեյզեր», «Թռչող հոլանդացին» և «Լոենգրին» օպերաները: Դիրիժորներն են Քրիատիան Թիլեմանը, Պետեր Շնայդերը, Անդրիս Նելսոնսն ու Ֆիլիպ Յորդանը: