Ապաշրջափակման հետ կապված հնարավորությունները տեսանելի են. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մասնավորապես երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Փոխվարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ նոր համաձայնություններ չկան, բայց ամեն դեպքում հարցի վերաբերյալ պայմանավորվածությունները ստանալու են գրավոր ձևակերպում՝ ըստ իրավական պահանջների:

«Կան ընդհանուր սիմետրիկ ընկալումներ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես՝ երկաթգծի [բացման] հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև պայմանավորվածության գրավոր ձևակերպում, որովհետև ներդրումները մեծ են և ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում», – ասել է Մհեր Գրիգորյանը:

Հարցին՝ կոնկրետ համաձայնություններ այս պահի դրությամբ կա՞ն, փոխվարչապետը պատասխանել է, որ այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների վերաբերյալ եղել են պաշտոնական հայտարարություններ:

Մհեր Գրիգորյանը հղում է արել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի միջև Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված և 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությանը երկաթուղու վերագործարկման մասին:

«Մասնավորապես Բրյուսելյան հայտարարությունը հստակ ասում է այն պայմանավորվածության, կողմերի այն մոտեցումների մասին, որոնք վերաբերում են երկաթգծին»,- մեկնաբանել է փոխվարչապետը:

***

2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ստեղծվել էր տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Փոխվարչապետների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

2020-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել էին երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Մեկնաբանել