Քանի հայաստանցի է դիմել և շահել «գրին քարտ»․ ապատեղեկատվության հետքերով

Հովհաննես Նազարեթյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի կայքում փետրվարի 14-ին հրապարակվել է Յարութ Չէքիճեանի հոդվածը, որում ահազանգ կա Հայաստանից ԱՄՆ արտագաղթել ցանկացողների թվի աճի մասին։ Հոդվածագիրը նման պնդում անում է՝ հղում անելով 168.am լրատվական կայքում հունվարին հրապարակված հոդվածին։ Չէքիճեանը պնդում է, որ 2021-ի համար Հայաստանի 160 965 քաղաքացի դիմել է գրին քարտ (green card) ստանալու համար, այսինքն՝ հայրենիքը լքելու և Ամերիկա հաստատվելու համար։

Ինչպես «Ազդակի», այնպես էլ 168.am-ի հոդվածների աղբյուրը ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումն է։ Դրանում Սարգսյանը ներկայացնում է «գրին քարտի» համար դիմած հայաստանցիների թիվը։ «2021թ. համար 2019 թվականին Հայաստանի 160 965 քաղաքացի դիմել են գրին քարդ շահելու համար»,- գրել էր Սարգսյանը։

Դիմողների վիճակագրությունը

ԱՄՆ Պետական դեպարտամենտի հյուպատոսական գործերի բյուրոն հրապարակում է «գրին քարտի» դիմողների վիճակագրությունը։

«Գրին քարտի» խաղարկությունների դիմումները սովորաբար անցկացվում են յուրաքանչյուր աշնան՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Առցանց դիմումների ընդունելության տևողությունը շուրջ մեկ ամիս է։ Դիմումների ընդունելությունը կատարվում է խաղարկության տարվանից երկու տարի շուտ։ Այսպես, օրինակ 2020-ի խաղարկության դիմումներն ընդունվել են 2018-ի հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 6-ը, իսկ 2021-ի խաղարկությանը՝ 2019-ի հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 5-ը։

Ի դեպ, «գրին քարտի» խաղարկությանը մասնակցել կարելի է ըստ դիմողի, նրա ամուսնու կամ ծնողների ծննդյան երկրի։

Loading...

Loading…

Այսպիսով, «Ազդակի» հոդվածագրի հրապարակած թվերը վերաբերում եմ 2019-ի աշնանը «գրին քարտի» համար դիմածներին։ Մինչ օրս պաշտոնապես դեռ չեն հրապարակվել 2020 և 2021 թվականներին դիմողների թվերը։

Ավելին, 2021-ի խաղարկության մասնակիցները թիվը, որոնք դիմել են 2019-ի աշնանը, ավելի ցածր է նախորդող տարիներից։ Եթե 2019-ին դիմել էր 160 000 հայաստանցի, ապա 2017-ին՝ շուրջ 250 000։

«Գրին քարտ» ստացած հայաստանցիների թիվը

ԱՄՆ Պետական դեպարտամենտի հյուպատոսական գործերի բյուրոն տրամադրում է նաև 2011-2018 թվականներին «գրին քարտ» ստացած անձանց վիճակագրությունը՝ ըստ դիմումների երկրների։ «Գրին քարտ» ստացած հայաստանցիների թիվը այդ տարիներին տատանվել է 1 000 – 3 000-ի շրջանակում։

Loading...

Loading…

#CivilNetCheck

Մեկնաբանել