Պատերազմից հետո ամեն ինչ այլընտրանքային է դարձել․ Գորիսի ավագանու անդամ

Սյունիք-Syunik-Syuniq

ՍիվիլՆեթի՝ Գորիսի լրագրող Էմիլիա Խաչատրյանը զրուցել է «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքից Գորիսի ավագանու անդամ Իրինա Յոլյանի հետ՝ սահմանամերձ բնակավայրերի, արցախցիների, այլընտրանքային ճանապարհի, ավագանու ընդունած որոշումների և այլ հարցերի շուրջ։ Զրույցի առանցքային մտքերը՝ ստորև։

Սահմանամերձ բնակավայրերի խնդիրների մասին

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը բավական վատ վիճակում է գտնվում, աշխարհագրական դիրքը բարդ է, հատկապես դեպի Որոտան գնացող ճանապարհը, ասում է Յոլյանը։ Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները տարվում են, բայց սողանքային հատվածներ կան, որտեղ հողաթափման և քարաթափման դեպքեր են արձանագրվում։

«Այդ խնդիրների մասին շատ ենք խոսել, հատուկ մեքենաներով ենք կազմակերպում մարդկանց տեղաշարժը։ Ճիշտ է, նրանք հարմարվում են, բայց այլևս չեն ապրում բնականոն կյանքով․ կան անվտանգության հարցեր, թշնամու կողմից բնակավայրերը դիտարկվում են և այլն։ Որոտանից նախկինում երեխաները գալիս էին այստեղ՝ օգտվելու կրթական ծրագրերից, բայց հիմա այդ հնարավորությունը չկա»,- նշում է ավագանու անդամը։

Գյուղատնտեսության ոլորտում առկա է ցանքատարածությունների ու արոտավայրերի, անասունների գլխաքանակի կրճատման հարցը, նշում է զրուցակիցը։

«Գյուղատնտեսության ոլորտում պետք է այլընտրանքային առաջարկներ անենք։ Ամեն ինչ դարձել է այլընտրանք»,- ասում է Յոլյանը։

Վերաբնակեցման ծրագրեր արցախցիների համար

Խոսելով ավագանու նիստի ժամանակ քննարկված և հաստատված որոշումների մասին՝ ավագանու անդամն առանձնացրեց երկու կարևոր որոշում․ նախ՝ հող հատկացվեց Հարթաշենում․ արցախցի 12 ընտանիքների համար տներ են կառուցվելու։

«Շատ կարևոր է, որ սահմանամերձ բնակավայրերում մենք կարողանանք իրականացնել վերաբնակեցման ծրագրեր։ Շատ ուրախալի է, որ մեր սահմանամերձ որևէ բնակավայրում բնակիչները ցանկություն չունեն լքելու իրենց հողերը։ Մեր քաղաքացիներն ուզում են մնալ այստեղ, մենք պարտավոր ենք ստեղծել նրանց համար պայմաններ ու հնարավորություններ և հրատապ կարգով ընդառաջել նրանց բարձրացրած խնդիրներին»,- ասում է Յոլյանը։

Երկրորդ որոշումը, ըստ Յոլյանի, վերաբերում է նրան, որ համայնքապետարանը կարողացել է խմբասենյակ կահավորել 6-րդ նախադպրոցական հաստատությունում․ դրա շնորհիվ կավելանան հաստիքները, երեսունից ավել երեխաներ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կստանան։

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ «Գորիսը պետություն էր պետության մեջ» և հազարավոր արցախցիներ հյուրընկալեց։ Այսօր կա մանկապարտեզների գերծանրաբեռնվածության խնդիր։

ՍիվիլՆեթի հարցին, թե բացի նշվածներից՝ արցախցիների համար ուրիշ ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել, Իրինա Յոլյանը պատասխանեց․ «Պարենայինից մինչև բնակարանային հարցերը ստանում են աջակցություն։ Ամենօրյա խնդիրներով արցախցիները մոտենում են համայնքապետարան, համայնքը փորձում է ընդառաջել՝ անկախ այն հանգամանքից՝ դա համայնքի լիազորությունների մեջ մտնում է, թե ոչ։ Դրանցից են՝ էլեկտրաէներգիայի վճարման, տան վարձավճարների, բնակարանի և այլ խնդիրները»։

***

2021 թվականի նոյեմբերի 10-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց և սկսեց գումար գանձել ճանապարհով երթևեկող մեքենաներից։ 2021-ի աշնանը շահագործման հանձնվեց Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը, որը, սակայն, որոշ հատվածներում սկսել է քանդվել։

Հունվարի կեսին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը, ԱԺ-ում անդրադառնալով որոշ հատվածներում ճանապարհի քանդված լինելու վերաբերյալ քննադատություններին, ասաց՝ այլընտրանքային ճանապարհը վերանորոգումից հետո դեռ չի ընդունվել պետական հանձնաժողովի կողմից։ Լիլիթ Կիրակոսյանի խոսքով՝ Տաթևից Աղվանի 43 կմ ճանապարհի միայն 700 մետր հատվածում են խնդիրներ առաջացել։

Էմիլիա Խաչատրյան, Գորիս