Հովհաննես Նազարեթյան
#CivilNetCheck
Օրերս Լիբանանի «Ազդակ» օրաթերթի կայքում հրապարակվել էր հոդված «Ա022 Բ. Ահազանգային Է Հայաստանէն Ամերիկա Գաղթել Դիմողներուն Թիւը» վերնագրով, որում պնդում է արվում Հայաստանից «գրին քարտի» համար դիմողների վճարած գումարների մասին։
«2021-ին յուրաքանչյուր «կանաչ քարտ»-ի («գրին քարտ» – խմբ.) դիմումը արժեր 325 դոլար՝ անվերադարձ, իսկ ընդունվելու դեպքում քարտի գինը հավելյալ 1 140 դոլար էր: Ուրեմն, 160 965 դիմողներ յուրաքանչյուրը 325 դոլար է վճարել է՝ 160 965 x 325 = 52 313 625 դոլար գումար վճարված է դեսպանատանը…»,- գրում է հոդվածագիր Յարութ Չէքիճեանը։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, արդեն անդրադարձել է ԱՄՆ տեղափոխվելու համար «գրին քարտի» համար դիմած հայաստանցիների թվի մասին տվյալներին, և հայտնել, որ նշված թվով (160 965) հայաստանցիներ դիմել են 2021-ի խաղարկության համար, բայց ոչ թե 2021-ին, այլ 2019-ի աշնանը։
«Գրին քարտին» դիմելն անվճար է
«Գրին քարտը», որը պաշտոնապես կոչվում է «Բազմազանության վիզա» (Diversity Visa, DV), հնարավորություն է տալիս աշխարհի շատ երկրներից օրինական հաստատվել ԱՄՆ-ում՝ ստանալով ներգաղթային վիզա։ Այն խաղարկվում է 1995 թվականից։
Պնդումը, թե «գրին քարտին» դիմելու համար պետք է վճարել 325 դոլար, չի համապատասխանում իրականությանը։ Խաղարկային ծրագրին դիմելու համար որևէ վճար պետք չէ: Դիմումները լրացվում են առցանց՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտի հյուպատոսային գործերի բյուրոյի կողմից գործարկվող Էլեկտրոնային Բազմազանության վիզաների կայքում։
Խաղարկությանը մասնակցության դիմելն անվճար է։ Սա արձանագրված է Պետդեպի կայքում՝ «գրին քարտի» խաղարկության ընթացակարգը նկարագրող էջում։
Ինչ վճարներ կա՞ն «գրին քարտ» շահելիս
Առաջին վճարումը արվում է ընտրվելուց հետո միայն։ Դեսպանատանը հարցազրույցից առաջ ընտրված մասնակիցը պետք է վճարի 330 դոլար։ Գումարի վճարումը կախված չէ հարցազրույցի վերջնական արդյունքից և չի վերադարձվում վիզա չստանալու դեպքում։
Իսկ հաջորդ վճարումը կատարվում է արդեն ԱՄՆ-ում մշտական բնակության վիզա ստանալուց հետո, բայց ԱՄՆ մեկնելուց առաջ։ Այն կոչվում է ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայության ներգաղթյալ վճար (USCIS Immigrant Fee)։ Այս վճարը կազմում է 220 դոլար։
Այսպիսով, «Ազդակի» հոդվածագրի հաշվարկը չի համապատասխանում իրականությանը։ 160 000 հայաստանցիները «գրին քարտի» խաղարկությանը մասնակացելու համար որևէ գումար չեն վճարել։ Վճարումներ կատարում են միայն խաղարկությանը մասնակից այն անձինք, որոնք ընտրվել են։ Նրանց թվի մասին տեղեկություններ չկան, բայց դա կազմել է դիմողների փոքր մասը միայն։ Հավելյալ վճարում կատարել են հարցազրույցի փուլն հաղթահարած քաղաքացիները, որոնք ստացել են ԱՄՆ-ում մշտական բնակության վիզա և մեկնել այդ երկիր։