«Ռեգուլյար» տեսակի բենզինն իրացվել է «Սուպերի» անվան տակ

Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը բենզինի և դիզվառելիքի շուկայում ստուգումների արդյունքում հինգ տնտեսավարողների մոտ հայտնաբերել է խախտումներ։ Ըստ տեսչության պետ Լևոն Խալիկյանի՝ մինչև թերությունների վերացումը ընկերությունների գործունեությանը ժամանակավորապես կասեցվել է։

Ըստ Panarmenian.net-ի՝ ընկերություններում ստուգումները մեկնարկել էին 2011թ. երկրորդ կեսին և շարունակվել այս տարվա առաջին կիսամյակում։ Ընկերությունների նկատմամբ ընդհանուր առմամբ կիրառվել է 5,5 մլն դրամի տուգանք։

Ընկերությունների թվում են «Ռոբերտ Նորայրի Մարտիրոսյան» ԱՁ-ն՝ տուգանվել է 100 հազ. դրամ, «Արմեն և ընկերներ» ՍՊԸ-ն՝ 100 հազ. դրամ, «Տիգրան և ընկերներ» ՍՊԸ-ն՝ 100 հազ. դրամ, «Քամօյլ» ՍՊԸ-ն՝ 1,3 մլն դրամ և «Սիթի Պետրոլ գրուպ» ՍՊԸ-ն՝ 1 մլն դրամ։

Լևոն Խալիկյանը նշել է նաև, որ ստուգումներն անցկացվել են համապատասխան սահմանված ժամանակացույցի, որը տեղադրված է տեսչության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև թեժ գծին քաղաքացիներից ստացվող բողոքների հիման վրա։

«Բենզինի հետ ջուր խառնելն անհնար է։ Սակայն գերշահույթներ ստանալու նպատակով ընկերությունները «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառել են «Պրեմիում» և «Սուպեր» տեսակների անվան տակ»,- ասել է Խալիկյանը։ Նրա խոսքով՝ խախտումներ են գրանցվել նաև բենզինի բացթողման հետ կապված։

Տեսչության ղեկավարը նշել է նաև, որ ստուգումները ռիսկային այս ոլորտում հետևողական բնույթ են կրելու՝ նպատակ ունենալով վերահսկել տնտեսավարող ընկերությունների գործունեությունը։

Մեկնաբանել