Արցախի ԱԱԾ-ն վստահեցնում է՝ ի զորու է ապահովելու Արայիկ Հարությունյանի անվտանգությունը

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու՝ Ադրբեջանի իշխանությունների մտադրության վերաբերյալ։ Ծառայությունը վստահեցնում է, որ «ի զորու է ապահովելու ինչպես Արցախի նախագահի, այնպես էլ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը»։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»,- ասված է ԱԱԾ հայտարարությունում։

***

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ սեղմ ժամկետներում ձերբակալելու են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Բաքուն Հարությունյանին մեղադրում է Գյանջայի վրա հրթիռային հարձակման համար։

Արցախի ընդդիմադիր 3 քաղաքական ուժեր՝ ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը, Արցախի ժողովրդավարական և Արդարություն կուսակցություններն իրենց աջակցությունն են հայտնել նախագահին։ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու վերաբերյալ հայտարարություն են տարածել նաև Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները։

Մեկնաբանել