Արևմտյան քաղաքական գործիչներ, որ վարձատրվում են Ալիևի կողմից

իլյամ ալիև

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր հեղինակային հերթական հաղորդմանը քննարկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված վերջին միջազգային կոռուպցիոն սկանդալները: Նա բացատրում է, թե ինչու է Ալիևի մարտավարությունը սպառնալիք ամբողջ աշխարհում ժողովրդավարական համակարգերի համար, և ինչու հայերը պետք է ահազանգեն այս երևույթի մասին։

Այս շաբաթվա թողարկմանը քննարկելու ենք սկանդալների վերջին ալիքը, որը ներառում է Ալիևի վարչակարգի գործակալներին և արևմտյան տարբեր դերակատարների, այս դեպքում՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաների մեջ՝ ըստ էության կատարելով Բաքվի վարչակարգի պահանջները:

Սկսենք ԱՄՆ-ից՝ Տեխասի կոնգրեսմեն Հենրի Սուելլարից։ Հետախուզությունների Դաշնային Բյուրոն (ՀԴԲ) խուզարկություն է իրականացրել Սուելարի տանը և նախընտրական գրասենյակում՝ առգրավելու նրա ու Ալիևի վարչակարգի միջև գործարքների վերաբերյալ փաստաթղթերը։ Սուելլարը Կոնգրեսում Ադրբեջանի հարցերով հանձնախմբի ղեկավարն է, որն ԱՄՆ կոնգրեսի ներսից լոբբինգ է անում Ադրբեջանի կառավարության համար։ Եթե նայենք հանձնախմբի անդամների ցուցակին, կտեսնենք, որ նրանց մեծ մասը ԱՄՆ Կոնգրեսի էթիկապես կասկածելի և ինտելեկտի ամենացածր գործակիցն ունեցող անձինք են։

Հետաքրքիր է նաև այն, որ ՀԴԲ-ն սովորաբար խուսափում է կոնգրեսականների դեմ նման միջոցառումներ ձեռնարկել ընտրությունների շրջանում, իսկ Սուելլարին մարտի մեկին ընտրություններ են սպասում։ Ուստի սա հավանաբար հաստատված է արդարադատության մարմինների ամենաբարձր ատյանների, գուցե և անձամբ գլխավոր դատախազի կողմից և ամենայն հավանականությամբ կապ ունի կոնգրեսականին կամ նրա ընտանիքին մատուցած ծառայությունների դիմաց ուղիղ դրամական փոխանցումների հետ, ինչին ԱՄՆ կառավարությունը շատ լուրջ է վերաբերվում։

Երկրորդ՝ խոսենք արքայազն Էնդրյուի մասին, որը Միացյալ Թագավորության ապագա թագավորի եղբայրն է։ Վերջերս թագուհու կողմից չեղարկվել են նրա բոլոր արտոնություններն ու կոչումները՝ անչափահասների սեռական շահագործման համար մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած շփումների համար, որը 2019-ին ինքնասպանություն էր գործել բանտում։

Կհարցնեք՝ ինչ կապ ունի արքայազն Էնդրյուն և այս գործը Բաքվի վարչակարգի հետ։ Էնդրյուն վերջին տարիներին Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունի, կատարել է տասներկու մասնավոր այց Բաքու և շատ մոտ է Ալիևի դուստրերի հետ, և ինչպես գրում են տարբեր աղբյուրներ, գործարար կապեր ունի Ալիևի ընտանիքի հետ։

Նայենք, թե ինչ կապ ունի այս ամենի հետ Ջեֆրի Էփշտեյնը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել սեռական շահագործման նպատակով անչափահասների առևտրի համար՝ նա վճարել էր երիտասարդ աղջիկներին աշխարհի տարբեր գործիչների հետ սեռական կապեր ունենալու համար, և այդ ցուցակում, ըստ ասեկոսեների, պտտվում է Բիլ Գեյթսի, Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի և արևմտյան այլ գործիչների անունները։ Ընդ որում, նա այդ ամենն անում էր ոչ միայնակ՝ աշխատում էր մեկ կամ մի քանի հետախուզական ծառայությունների համար, կոմպրոմատ հավաքելու նպատակով՝ հզոր ու բարձրաստիճան մարդկանց դնել նման իրավիճակներում և ի վերջո դա օգտագործել նրանց դեմ։

Ուստի, այստեղից հարց է ծագում՝ ինչպե՞ս է այդ կապը ազդել այս տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականության վրա։ Գուցե ազդել է, գուցե ոչ։ Պատմականորեն, բրիտանական քաղաքականությունը ամենաթշնամականներից է եղել ընդհանուր առմամբ հայկական շահերի հանդեպ, և կոնկրետ Հայաստանի դեմ է գործել անկախացումից ի վեր։ էականն այն է, որ մենք ուղղենք այս հարցերը, դիտարկենք այս կապերը և այդ մարդկանց դնենք անհարմար դրության մեջ, ստիպենք բացատրություն տալ։

Երրորդ՝ խոսենք բրիտանական խորհրդարանի անդամ Բոբ Բլեքմենի մասին, որը Բաքվի վարչակարգի ներկայացուցիչն է Բրիտանիայի խորհրդարանում և ղեկավարում է «Ադրբեջանի համակուսակցական խորհրդարանական խումբը» (Azerbaijan All-Party Parliamentary Group)։ Open Democracy կայքը բավական մանրամասն ու հանգամանալից բացահայտումներ է անում նրա ու Ալիևի վարչակարգի ներկայացուցիչների միջև փոխադարձ շահավետ գործարքների մասին, լուսաբանում կոնկրետ դեպքեր, որտեղ Բլեքմենը Ալիևի վարչակարգի անունից ուղղակիորեն լոբբինգ է արել բրիտանական տարբեր կառավարություներում, ինչպես նաև անդրադարձել է Արցախի պետության նկատմամբ նրա ագրեսիվ վարքին։

Բլեքմենը բազմաթիվ անգամ այցելել է Բաքու, ընդ որում, բոլոր ծախսերը հոգացել է ադրբեջանական վարչակարգը։ Որպեսզի ի ցույց դնենք նրա դեգեներատության աստիճանը, բավական է իմանալ, որ նա այցելել է օկուպացված Շուշի։ Պատկերացրեք եվրոպացի որևէ այլ պաշտոնյա, որն այցելի Բոսնիայում էթնիկ զտումների ենթարկված որևէ մի բնակավայր։ Նման մակարդակի մարդու հետ գործ ունենք։

Սակայն Բլեքմենին ուշադրության կենտրոն բերեց Ջավահիր Ֆեզաև անվամբ անձի հետ իր սերտ հարաբերությունները։ Ֆեզաևը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է, ինչին սակայն լրջորեն չի կարելի վերաբերվել, որովհետև դա հավասարազոր է Հյուսիսային Կորեայում խորհրդարանի պատգամավոր լինելուն, այսինքն՝ էական չէ։ Ֆեզաևը ներգրավված է եղել դատական մի հնչեղ գործում՝ 5,6 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի լվացման հարցով, գումար, որն առգրավվել է Լոնդոնի դատարանների կողմից։

Վեսթմինսթերի դատարանը մի քանի շաբաթ առաջ բացահայտեց, որ Մեծ Բրիտանիայի բանկային հաշիվներում Ֆազիևի ընտանիքի անդամների կողմից պահված 5,8 միլիոն ֆունտ ստեռլինգը կարող է հետադարձ կապ ունենալ հայտնի ադրբեջանական լվացքատան հետ, որը բացահայտվել էր մի քանի տարի առաջ և որտեղ Ադրբեջանից դուրս եկած 2,9 միլիարդ դոլար էր ուղղվել եվրոպացի գտարբեր քաղաքական գործիչների։

Ինչու՞ է այս ամենը կարևոր։ Պետք չէ զարմանալ, որ աշխարհի քաղաքական դասակարգը ցածր բարոյականություն ունի կամ որ նրանց կարելի է գնել։ Սակայն վերջնական եզրահանգումը հետևյալն է՝ Ալիևի վարչակարգը դառնում է ծայրահեղ սպառնալիք ժողովրդավարության համար, որովհետև պարբերաբար ոտնձգություններ է գործում արևմտյան ժողովրդավարության հանդեպ։ Մենք պետք է հստակ լինենք մեր ձևակերպումներում՝ նրանք կաշառում են արևմտյան քաղաքական գործիչներին, գնում են նրանց, Արևմուտքի ժողովրդավարական համակարգերը իրենց մակարդակին՝ օլիգարխիկ ավտորիտար համակարգին, հավասարեցնելու համար։

Շատ է խոսվում Ռուսաստանի այս կամ այն քայլերի մասին, բայց Ալիևի նման հանդուգն քայլեր ոչ ոք չի անում։ Բացի այդ, կարևոր է շեշտադրել այն ամենը, ինչ մենք չե՛նք՝ մենք նման չենք նրանց, մենք դրա ճիշտ հակառակն ենք, մենք ժողովրդավար երկիր ենք, որն ունի դանդաղ, բայց հստակ զարգացող ժողովրդավարական գործընթացներ, և այս տարբերությունն է, որ պետք է հստակ ցուցադրենք բոլորին։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել