Բայդենն ու Պուտինը համաձայնել են Ուկրաինայի հարցով գագաթաժողովի առաջարկին․ Ելիսեյան պալատ

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հավանություն են տվել Ուկրաինայի հարցով գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գաղափարին։

Ելիսեյան պալատը հայտնում է, որ փետրվարի 20-ին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը «առաջարկել է գագաթաժողով անցկացնել նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի, այնուհետև համապատասխան շահագրգիռ կողմերի միջև՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության հարցերը քննարկելու համար»: Ըստ ֆրանսիական կողմի՝ Բայդենն ու Պուտինը համաձայնել են գագաթաժողով անցկացնելու գաղափարին։

Առաջիկա գագաթաժողովի օրակարգը, Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն, կնախապատրաստեն ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենն ու Սերգեյ Լավրովը՝ փետրվարի 24-ի հանդիպման ժամանակ։

Սպիտակ տունը նույնպես նշում է, որ «նախագահ Բայդենը սկզբունքորեն համաձայնել է հանդիպել նախագահ Պուտինի հետ», բայց ամերիկյան կողմը վերջնական որոշման հարցում ընդգծում է Բլինքեն-Լավրով հանդիպման կարևորությունը։

Մինչդեռ, Մակրոնի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունում Բայդենի հետ հանդիպման մասին խոսք չկա։

***

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը տեսակապի միջոցով շուրջ երկժամյա բանակցություններ էին անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Դրանից մեկ շաբաթ անց Ռուսաստանը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին փոխանցել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանավորվածությունների փաթեթ, որում ներառված էին միմյանց վրա հարձակում նախապատրաստելու համար այլ պետությունների օգտագործումից հրաժարվելը, ՆԱՏՕ-ի՝ արևելք ընդլայնելուց հրաժարվելը, նախկին ԽՍՀՄ երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանների բացակայությունը, զինված ուժերի տեղակայումից հրաժարվելն այն շրջաններում, որտեղ դրանց տեղակայումը կընկալվի որպես սպառնալիք, Ուկրաինայում ռազմական գործունեություն ծավալելուց ՆԱՏՕ-ի հրաժարվելը։

Հունվարի 26-ին ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ին փոխանցեցին ռուսական պահանջների գրավոր պատասխանը: Ինչպես դրանից հետո հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պատասխաններում առկա են Մոսկվայի գործողությունների պատճառով ԱՄՆ-ի մտահոգությունները և ամերիկյան կողմի հակընդդեմ առաջարկները:

Մի քանի օր անց Պուտինը Մակրոնի հետ բանակցություններում հայտարարել էր, որ պատասխանում Արևմուտքն անտեսել է անվտանգության անքակտելիության սկզբունքը, որն ամրագրված է ԵԱՀԿ-ի և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի փաստաթղթերում: Այն նախատեսում է, որ ոչ ոք չպետք է իր անվտանգությունն ամրապնդի այլ երկրների անվտանգության հաշվին։

***

2021-ի տարեվերջից իրավիճակը Ուկրաինայի շուրջ լարվել է։ Ռուսաստանը զորքեր է կուտակել ռուս-ուկրաինական և բելառուսա-ուկրաինական սահմանին՝ դրանք հիմնավորելով զորավարժությունների անցկացմամբ։ Արևմուտքի երկրները հայտարարում են, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա, իսկ Կրեմլը հերքում է Ուկրաինա ներխուժելու մասին լուրերը։

Փետրվարի 18-ին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են դեպի Ռուսաստան Դոնբասի բնակչության զանգվածային տարհանման մասին։