Ես պատերազմի ժամանակ բանակում իշխանություն չեմ եղել. Սամվել Բաբայան

սամվել բաբայան սիվիլնեթ հարցազրույց

Գեներալները, որոնք ներկայում ընդդիմադիր դաշտում են, ընդամենն ամիսներ առաջ եղել են մարտի դաշտում, տարբեր խնդիրներ են կատարել և նրանց ընդդիմադիր անվանելը սխալ է․ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստից հետո այդ մասին հայտարարեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Վերջինս՝ որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ, մասնակցում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին։

«Իրենց (ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, գեներալներին – ՍիվիլՆեթ) ասում, հրավիրում ենք, որ գան, իրենց մտքերն ասեն, իրենց տեսածն ասեն, ասում եք՝ իրենք հրաժարվում են գալ, ես էլ ասում եմ՝ իրենք ընդդիմադիր չեն։ Իրենք 6 ամիս, 4 ամիս առաջ եղել են ղեկավար։ Ոչ մեկը չկա, որ ուզել է ծառայություն մատուցել ու իրեն արգելել են»,- նշեց Բաբայանը՝ վստահեցնելով, որ այդ մասին հանրությունը կհամոզվի հանձնաժողովի աշխատանքների արդյունքում։

Բաբայանը, որը պատերազմի ընթացքում զբաղեցնում էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ասում է՝ հանձնաժողվն իրեն էլ է հարցեր տալու։

Պատերազմի օրերին, մինչդեռ, ըստ Բաբայանի, ինքը եղել է հրամանատարական շտաբում որպես նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական, հետևել է զարգացումներին ու զեկուցել Հարությունյանին. «Ես պատերազմի ժամանակ բանակում իշխանություն չեմ եղել։ Ցանկացած իշխանություն պարտավոր է հանգամանքները արդար քննել ու ցուցադրել՝ մեղքերն ումն են եղել»։ Հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով է Բաբայանը մասնակցում հանձնաժողովի նիստերին, վերջինս պատասխանեց, որ իր մասնակցության իրավական հիմքերը կան։

Մեկնաբանել