Ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափը կբարձրանա․ փոխնախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը հաջորդ տարի բյուջետային հայտում կներկայացնի ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափի փոփոխության, հավելավճարի սահմանման նոր մոտեցումներ, որոնք թույլ են տալու գնալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նոր նախագծով կարևորվում է, որ բոլոր դպրոցները համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։

«Նախատեսվում է ատեստավորման տարակարգերի շնորհման մեխանիզմների ամբողջական վերանայում, ինչպես նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն։ Եկող տարվա բյուջետային հայտում կներկայացնենք ուսուցիչների դրույքաչափի փոփոխության և նաև հավելավճարի սահմանման նոր մոտեցումները, որոնք պետք է թույլ տան գնալ մինչև 400 հազար աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին»,- ասել է Անդրեասյանը։

Կառավարությունը նաև նախատեսում է 2026-ի ավարտին ունենալ հիմնանորոգված, վերակառուցված, վերանորոգված առնվազն 300 դպրոց, որոնք կունենան արդիական ենթակառուցվածքներ և պայմաններ։ Ինչպես նաև նախատեսված է, որ բոլոր դպրոցները ունենան անհրաժեշտ բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ։