Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը

Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից նշում են, որ հրադադարը խախտել են հենց ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան: Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։