Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
«Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը հանդիսանում է մեր երկրի կարևոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առկա փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ:
«Վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։