Պուտինը Մակրոնին և Շոլցին տեղեկացրել է, որ Դոնբասի վերաբերյալ հրամանագիր է ստորագրելու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցներում տեղեկացրել է, որ մտադիր է առաջիկայում ստորագրել Դոնբասի վերաբերյալ հրամանագիր․ առաջնորդները հիասթափություն են հայտնել այս առնչությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի արդյունքների մասին։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի արդյունքների մասին, որը քննարկել է ս.թ. իրավիճակը Դոնբասի շուրջ՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Պետդումայի որոշման համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում։

Ընդգծվում է, որ այսօր Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները կոչով դիմել են ՌԴ նախագահին ճանաչելու իրենց ինքնիշխանությունը՝ «կապված ուկրաինական իշխանությունների ռազմական ագրեսիայի, Դոնբասի տարածքի զանգվածային գնդակոծման հետ, որի արդյունքում տուժում է խաղաղ բնակչությունը»։

Երկուշաբթի օրը Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ, որի ժամանակ ելույթ են ունեցել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և այլք։ Հանդիպման ավարտին նախագահն ասել է, որ այսօր՝ փետրվարի 21-ին, կորոշի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը:

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է․ Լուգանսկի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից գնդակոծությունների մասին։ Հայտարարվել է քաղաքացիների ժամանակավոր տարհանում Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել։