Եվրանեսթի հանձնաժողովում քննարկվել է ԼՂ հակամարտությունը

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց, որի շրջանակներում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

«Այս առավոտ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները:

Մեր եվրոպացի գործընկերները արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ հույժ կարևոր եմ համարում Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»,- ասաց Կարապետյանը:

Մեկնաբանել