Ինչո՞ւ և ինչպե՞ս է թիրախավորվում քաղաքացիական հասարակությունը․ ապատեղեկատվական արշավների շուրջ

Արշալույս Բարսեղյան

Հայաստանում քաղաքացիական հասարակությունը հաճախ է թիրախավորվում։ Հատկապես 2018-ի հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության դեմ հարձակումները և ապատեղեկատվական արշավները դարձան ավելի հաճախակի և հանդուգն՝ սպասարկելով քաղաքական նպատակներ։

Քաղաքացիական հասարակությունը հասարակության «երրորդ հատվածն» է, որը տարբերվում է կառավարությունից և բիզնեսից: Քաղաքացիական հասարակություն ասելով առավելապես հասկացվում է քաղաքացիների շահերն ու կամքը դրսևորող ոչ կառավարական կազմակերպությունների և հաստատությունների, կառավարությունից անկախ անհատների և կազմակերպությունների ամբողջությունը։ Քաղաքացիական հասարակությունը համարվում է ժողովրդավարական համակարգի հիմնասյուներից մեկը։

Քաղաքացիական հասարակությանը թիրախավորելու հիմնական նշանակետը նրանց ֆինանսավորման աղբյուրներն են։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) շահույթ չեն հետապնդում, բայցևայնպես դրանց գործունեության համար գումար հարկավոր է։ Նրանց դրամանշնորհներ մեծամասամբ հատկացնում են արևմտյան երկրների կառավարությունները և միջազգային կազմակերպությունները։ Այդ գումարներով է, որ ՔՀԿ-ները կատարում են իրենց գործառույթները՝ իրավապաշտպան գործունեություն, օրենսդրական նախաձեռնություններ, իշխանության տարբեր ճյուղեր հաշվետվողականության ու թափանցիկության դիտարկում, խաղաղարարություն, զգայուն հարցերի բարձրաձայնում և այլն։

Երբ և ինչու քաղաքացիական հասարակությանը սկսեցին թիրախավորել

2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքացիական հասարակությունը սկսեց հետևողական և համակարգված թիրախավորվել։ ՍիվիլՆեթի հետ զրույցում փորձագետները նշում են, որ մինչ այդ թիրախավորումը հատվածական էր՝ որոշակի առիթներով պայմանավորված։ Օրինակ, 2013-ին Եվրաասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանում սկսվեց պահպանողական մեծ արշավ ընդդեմ գենդերային հավասարության օրակարգը առաջ մղող կին իրավապաշտպանների և կազմակերպությունների։

«Սրա պատճառներից կարող է լինել այն, որ այս խմբերը այդ ժամանակ ավելի հավատարիմ էին ժամանակի իշխանությանը և մի իմաստով իրենց հովանու ներքո էին գործում։ Իշխանությունն ինչ-որ իմաստով սահմանում, ուղղորդում էր՝ ինչ չափով ու ինչ ուժգնությամբ նրանք կարող են թիրախավորել քաղհասարակությանը։ Բայց հեղափոխությունից հետո մենք տեսանք, որ այս խմբերը, նաև ավելի արմատական խմբեր սկսեցին հանդես գալ ընդդիմադիր դիրքերից»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է հետազոտող Արփի Մանուսյանը։

Իրավիճակն էականորեն փոխվեց հեղափոխությունից հետո․ քաղհասարակության դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները սկսեցին մեծ թափ առնել։ Պատճառները մի քանիսն են։ Նախ հեղափոխությունից հետո քաղհասարակության ներկայացուցիչների մի մասը պաշտոններ զբաղեցրեց իշխանությունում։ Դատելով նրանց իրականացրած գործունեությունից՝ հյուսվեցին դավադրության տեսություններ՝ իբր հակառուսական և Արևմուտքի խամաճիկ ուժերն են եկել իշխանության՝ Արևմուտքի կազմակերպած հեղափոխության միջոցով, և այս ամենի նպատակն է սպասարկել օտարի շահը։

Ուժեղացան Ջորջ Սորոսի և նրա ստեղծած «Բաց հասարակության հիմնադրամների» մասին ապատեղեկատվական արշավները, ի հայտ եկավ «սորոսական» պիտակը։ Ավելին, «քաղհասրակաություն», «գրանտ» (դրամաշնորհ), «գրանտակեր» արտահայտությունները բացասական երանգով դարձան մեդիա խոսույթի անբաժան մաս։ Այս պատմույթների շուրջ համախմբվեց նոր ընդդիմությունը և այսպես կոչված՝ «նոր ու իրական քաղհասարակությունը»։ Սա արվում էր տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ, այդ թվում՝ լրատվամիջոցների և սոցիալական մեդիայի ռեսուրսներով։

«Քաղհասարակության թիրախավորման ժամանակագրությանը հետևելու դեպքում կնկատենք, որ դրանք պայմանավորված են ներքին և գլոբալ գործընթացներով՝ կոռուպցիոն սկանդալներ, անվտանգության խնդիր և այլն»,- ասում է Եվրասիա համագործակցություն հիմանդրամի ծրագրերի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը։

«Եթե վերլուծենք, ապա կտեսնենք, որ թիրախավորվողները որպես կանոն կոնկրետ կազմակերպություններ են, որոնք ինչ-որ կերպ իրենց գործունեությամբ խանգարում են թիրախավորողներին։ Կամ էլ տեղեկատվական ֆոն ստեղծելու նպատակով են արվում, որպեսզի ինչ-որ կարևոր հարցերի շուրջ շեղվի հանրության ուշադրությունը։ Եվ կա մի գլոբալ ընթացք, որի նպատակն է ստեղծել այսպես պայմանականորեն ասած «բոբոներ», կարծրատիպային, շատ ուռճացված կերպարներ, որոնց վրա կարելի է բարդել այս կամ այն բացասական իրադարձության մեղավորությունը»,- ասում է Հովհաննիսյանը։

Քաղհասարակությանը թիրախավորողները իրենց ֆինանսավորման աղբյուրները չեն հրապարակում

Քաղհասարակությանը թիրախավորելու առանցքային կետերից է դրանց ֆինանսավորման հարցը։ Սա անելը հեշտ է․ հասարակական կազմակերպությունները հիմնականում թափանցիկ են գործում, անցնում են աուդիտ, և դրանց ֆինանսական հոսքերի մասին տեղեկությունը լայնորեն հասանելի է։ Քանի որ դրամաշնորհները հիմնականում առաջարկվում և ստացվում են արևմտյան կառույցներից, քաղաքացիական հասարակությունը այս հիմքով պիտակավորվում է որպես արևմտամետ ու ապազգային։

Սակայն այստեղ անտեսվում է կարևոր հանգամանք։ Արևմտյան դոնորները, որոնք գումար են հատկացնում քաղաքացիական հասարակությանը, շատ ավելի մեծ ծավալի միջոցներ են տրամադրում ՀՀ կառավարությանը՝ տարբեր բարեփոխումներ և ծրագրեր իրականացնելու համար։ Ընդ որում սա եղել է թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո։ Հայաստանի կառավարությունը անկախությունից ի վեր եղել է ամենամեծ դրամաշնորհառուն։

Դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություններից ամենաշատը թիրախավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը» (ԲՀՀ)։

Առհասարակ, միլիարդատեր Ջորջ Սորոսի մասին ապատեղեկատվություն և դավադրական տեսությունները նոր չեն և միայն Հայաստանում չէ, որ տարածված են։ Freedom House-ի 2021-ին հրապարակած «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը Հայաստանում. դիմակայելով կեղծ պատմույթներին» զեկույցում ասվում է, որ Հայաստանում «սորսական» եզրույթը լրատվամիջոցներում և սոցցանցերում սկսել է լայնորեն կիրառվել հենց հեղափոխությունից հետո։

Զեկույցում մտահոգիչ է համարվում այն հանգամանքը, որ պետական բազմաթիվ պաշտոնյաներ և քաղաքական խոշոր կուսակցությունների անդամներ հզորացնում են քաղաքացիական հասարակության մասին կեղծ և վնասակար այս պատմույթները։ Օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ մեղադրեց ԲՀՀ-ին և նման այլ կառույցների «Հայաստանը դեպի ինքնաոչնչացում տանելու» մեջ:

ԲՀՀ-ի տրամադրած բոլոր դրամաշնորհառուների մասին տեղեկությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի կայքում՝ տեղեկատվական շտեմարանի տեսքով։ Օգտագործելով այս բաց աղբյուրը՝ տարբեր անհատներ ու խմբեր «բացահայտում էին պետությունը զավթած սորոսականների ցանցը»։ Սակայն քաղհասրակությանը թիրախավորողների ֆինանսական հոսքերի մասին հրապարակային տեղեկություն առկա չէ։

Ուշագրավ է, որ քաղհասարակության դեմ քարոզ անող մի շարք ԶԼՄ-ներ, օրինակ՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, ինչպես նաև անհատներ ժամանակին դրամաշնորհներ են ստացել այսպես կոչված Սորոսի հիմնադրամից։

Այս ամենի արդյունքում քաղհասարակությանը վնաս հասցվել է։ «Ընդհանուր առմամբ, հասարակության ավելի լայն շրջանում խիստ կարծրատիպային ընկալումներ են ձևավորում, թե ինչ է քաղհասակությունը, ինչ է ՀԿ-ն, դրամաշնորհային ծրագիրը, դոնոր կազմակերպությունը և այլն»,- ասում է Միքայել Հովհաննիսյանը։

«Նոր քաղհասարակության» ներկայացուցիչները՝ ընդդիմադիր ցանցի մաս

2018-ի հեղափոխությունից հետո ձևավորվեցին նոր հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ։ Սկսվեցին հին ու նոր, իրական և ֆեյք քաղհասարակությունների մասին խոսակցությունները։

Ըստ հետազոտող Արփի Մանուսյանի՝ սրա նպատակն էր զավթել քաղաքացիական հասարակության տարածքը։ Նրանց առաջնային նպատակը հենց քաղհասարակության թիրախավորումը չէր․ «Շատ հեշտությամբ այս խմբերը կարողանում են մշակութային վախերի վրա խաղալով իրենց քաղաքական օրակարգը առաջ մղել, և այստեղ քաղհասարակությունը դառնում Է քավության նոխազ կամ այդ վախենալու կերպարը հանրության համար»։

Նորահայտ ակտիվիստների և դրանց կոորդինացված վարքի մասին հետաքննություն հրապարակեց ամերիկյան Ատլանտյան խորհրդի DFRLab-ի թիմը։ Հետազոտությունը բացահայտում էր կոնկրետ անհատների, որոնք ապատեղեկատվություն տարածելով թիրախավորում էին քաղաքացիական հասարակությանը։

Ապատեղեկատվական արշավները՝ նաև պատվաստումների դեմ

«Նոր քաղհասարակությունը» ակտիվ ներգրավված էր նաև COVID-19-ի և դրա դեմ կիրառվող պատվաստումների մասին ապատեղեկատվություններ տարածելում։ Նրանք հայաստանյան տեղեկատվական դաշտ են բերում, նաև տեղայնացնում այլ երկրներում տարածված միֆերն ու կեղծ լուրերը։ Ավելին, այս գործում ներգրավված են քաղաքական կապեր ունեցող, 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին տարբեր կուսակցությունների ցուցակում առաջադրված ներկա և նախկին բժիշկներ։ Նրանք պնդում էին, թե Կովիդը «իրական չէ», դիմակները «պետք չեն», պատվաստումները «վնասակար են» և «անօրինական փորձարկումներ»։

Իրականում, այս խմբերը չէին խորշում ցանկացած թեմա շահարկել իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։

Փաստացի, 2018-ի հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության դեմ համակարգված արշավի զինանոցում էին ապատեղեկատվությունը, դավադրության տեսություններն ու մանիպուլյացիաները։ Ձևավորվեց նաև նոր ու հին, իրական ու կեղծ քաղհասարակության դիսկուրսը։ Իսկ քաղհասարակության թիրախավորման հիմնական շարժառիթը տարբեր խմբերի քաղաքական օրակարգերն էին/են։

Մեկնաբանել