Կորոնավիրուս․ Հայաստանում ու Վրաստանում ապատեղեկատվական արշավներն ու դրանց մասնակիցները

Արշալույս Բարսեղյան

Կորոնավիրուսն աշխարհում դարձավ ոչ միայն համավարակի, այլև լրավարակի պատճառ։ Վիրուսի բնական կամ արհեստածին լինելու, բուժման ու պատվաստման մասին տարածվեցին կեղծ լուրեր, դավադրության տեսություններ, ապատեղեկատվություն։ Այս բովանդակությունը վիրուսի նման տարածվել է համացանցում ու տեղայնացվել։ Մինչ մարդկանց մի մասը ելքեր էր փնտրում պանդեմիային և ինֆոդեմիային արագ արձագանքելու համար, մյուս մասը ապակողմնորոշում էր հանրությանը ու համավարակը օգտագործում՝ ըստ նպատակահարմարության։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Հայաստանում և Վրաստանում լրավարակի առանձնահատկություններն ու գտել ընդհանրություններ։

Համավարակը քաղաքականացվեց․ Հայաստան

Համավարակը ուղիղ կամ անուղղակի ազդեցություն ունի ոչ միայն հանրային առողջության, տնտեսության, այլև քաղաքականության վրա։ Նման զարգացումներ նկատվել են և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, սակայն մի դեպքում ներքաղաքական, մյուս դեպքում՝ արտաքին քաղաքական համատեքստում։

Հայաստանում հանրությանը ապակողմնորոշող և հակապատվաստումային արշավ կազմակերպողները տարբեր մասնագիտությունների տեր անհատներ են, այդ թվում՝ քաղաքականացված բժիշկներ։ Բժշկական համազգեստով այս մարդիկ տարածում էին զանազան կեղծ ու մոլորեցնող տեղեկություններ COVID-19-ի մասին։ Նրանց քաղաքական կապերն ամբողջությամբ բացահայտվեցին 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ պարզվեց, որ նրանք ընդգրկված էին այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական ցուցակում։

Ապատեղեկատվական շարժմանը միացել են այլ մասնագիտությունների տեր անձինք՝ դերասանից մինչև փաստաբան։ Ինչպես բացահայտել է media.am-ը, այստեղ գործ ունենք ոչ միայն առանձին խմբերի, այլ ցանցի հետ, որտեղ անհատները փոխկապակցված են զանազան թելերով՝ նախաձեռնություններ, կուսակցություններ, լրատվական և ընտանեկան կապեր։

Կեղծ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերում և առցանց նորություններում ծանրացնում էին հանրային առողջապահության մարտահրավերները։ Նման գնահատական է տրված Freedom House-ի «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը Հայաստանում. դիմակայելով կեղծ պատմույթներին» զեկույցում: Այստեղ նաև նկատվում է, որ նախկին իշխող էլիտան, ընդդիմադիր և քաղաքացիական խմբերը հաճախ առաջ էին քաշում իշխանության կոմպետենտ չլինելու պատմույթը՝ ընդդիմանալու գործող իշխանությունների օրակարգին։ Նույն զեկույցում նաև մատնանշվում է՝ իշխանությունները իրենց հերթին թերացել են՝ հակասական, թույլ և թերի պետական արձագանք ցուցաբերելով։

Համավարակը քաղաքականացվեց․ Վրաստան

Վրաստանում համավարակը, ըստ կատարված ուսումնասիրությունների, ավելի շատ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում է տեղավորվել։

Բաց տեղեկատվական գործակալության «COVID-19 ապատեղեկատվական պատմույթները Վրաստանում» զեկույցում ասվում է, որ Վրաստանում ռուսամետ լրատվամիջոցներն էին պատասխանատու ապատեղեկատվության և դավադրության տեսությունների մեծ մասի տարածման համար։ Դիտարկված պատմությունները ներառում էին պնդումներ, որ ԵՄ-ն փլուզվում է կամ որ այն չի կարողացել օգնել այլ պետությունների (ներառյալ՝ Վրաստանին), որ ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ արձագանքել ճգնաժամին, որ ազատական ​​ռեժիմները, ի տարբերություն ավտորիտար ռեժիմների, չեն կարող հաղթահարել վիրուսը, և որ «Աստված պատժում է Արևմուտքին՝ ԼԳԲՏ շարժումներին աջակցելու համար»։

ՍիվիլՆեթը զրուցեց այս զեկույցի համահեղինակներից Georgia’s Reforms Associates-ի աշխատակից Մարիամ Ցիցիկաշվիլիի հետ։ Նա ասում է՝ Վրաստանում պատվաստումներին ընդդիմացողների փոքր համայնք կա, որն իսկապես հավատում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի այսպես կոչված վտանգավոր ազդեցություններին։ Սակայն նրանց կողքին նկատվել են նաև այն խմբերը, որոնք Վրաստանում նախկինում տարածել են ՌԴ-ի շահերից բխող կեղծ լուրեր, սխալ պատմություններ և քարոզչություն։

«Նրանք այն մարդիկ են, որոնք փորձում են շեղել Վրաստանի՝ դեպի Եվրոպա և ՆԱՏՕ ձգտումները։ Փորձում են համոզել մարդկանց, որ Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցումը կվնասի մեր ինքնիշխանությունը և բացասաբար կանդրադառնա մեր տարածքային ամբողջականության վրա, և ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով մենք ստիպված կլինենք հրաժարվել մեր օկուպացված տարածքներից հավերժ և այլն»,- ՍիվիլՆեթին պատմեց Մարիամը։

Նա շեշտեց, որ Վրաստանում հիմնական քաղաքական կուսակցությունները ներգրավված չէին այս թեմայի շահարկման մեջ։ Բայց կային փոքր, ռուսամետ կուսակցություններ, որոնք նման փորձեր արել են՝ քաղաքական կապիտալ հավաքելու համար։ Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում ապատեղեկատվություն տարածելու գործին լծված չէին բժիշկները, փոխարենը ակտիվ էին բժշկական կրթություն չունեցող հեքիմները։

Պայքար ամերիկյան ֆինանսավորմամբ լաբորատորիաների դեմ Հայաստանում ու Վրաստանում

2020-ի գարնանը կորոնավիրուսի տարածման ֆոնին Հայաստանում, Վրաստանում և հետխորհրդային մի քանի երկրներում արդիական դարձավ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաների հարցը։

Հայաստանում խոսքը գնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասին։ Լաբորատորիան հիմնվել է 2014-ին, իր գործունեության համար ԱՄՆ-ից ֆինանսական աջակցություն է ստացել։ Սակայն կենտրոնի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ կառավարող մարմինը՝ առողջապահության նախարարությունը։ Լաբորատորիան զբաղվում է հանրային առողջության խնդիրներով և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմամբ։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ այս կենտրոնում են իրականացվում հետազոտություններ, մասնագետների վերապատրաստում, թեստավորում։

Չնայած այս հրապարակային տեղեկություններին՝ լաբորատորիան անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում և ռուսամետ շրջանակներում։ Համավարակի օրերին ապատեղեկատվական արշավի գեներատորներից էր «Ո՛չ ամերիկյան վիրուսածին լաբորատորիաներին» ֆեյսբուքյան էջը։ Բացի ցանցային ակտիվությունից, նրանք անգամ սակավամարդ ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք տարածում էին սխալ պնդումներ՝ իբրև լաբորատորիան հիմնվել է «Նիկոլի իշխանության գալուց հետո», և մինչ օրս այդ լաբորատորիաների գործողությունը գաղտնի է պահվում։ Ըստ այդ պնդումների՝ այնտեղ կենսաբանական զենք են արտադրում ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի, իսկ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների մի մասը հենց լաբորատորիաների փորձարկումների արդյունքում է մահացել։

Այս պնդումների կեղծ լինելը պարզել է media.am-ը, նաև նկատել, որ հայաստանցի ծայրահեղականները և Ռուսաստանի կառավարությունը, նրանց արտաքին քաղաքականության հետ համահունչ արտահայտվող փորձագետները, մամուլը նույն կեղծ լուրերն էին տարածում լաբորատորիայի մասին։

Վրաստանում խնդրո առարկան Lugar Lab-ն է։ Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության հետազոտական կենտրոնը կառուցվել է ԱՄՆ կառավարության աջակցությամբ 2011 թվականին Թբիլիսիում, իսկ 2018 թվականից Վրաստանի կառավարությունը ստանձնել է դրա ամբողջական ֆինանսավորման և շահագործման պատասխանատվությունը:

Վրաստանում կորոնավիրուսի շուրջ տարածվող ապատեղեկատվության մասին զեկույցում ասվում է՝ ռուս բարձրաստիճան քաղաքական գործիչները (այդ թվում՝ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը) մեղադրել են լաբորատորիան անօրինական փորձարկումների և գենետիկական հետազոտություններ կատարելու մեջ։ Իսկ 2020-ի գարնանը Ռուսաստանը ԱԳՆ խոսնակի մակարդակով սկսեց պնդել, թե Lugar Lab-ում գաղտնի աշխատանք է տարվում վտանգավոր հարուցիչների և վարակիչ հիվանդությունների վրա։ Իսկ ռուսամետ լրատվամիջոցները շարունակում էին պնդել, որ լաբորատորիան վտանգ է ներկայացնում տեղացիների համար, և այն պետք է փակվի։

Հոգևորականների կեցվածքը մտահոգիչ է

Հարավային Կովկասի այս երկու քրիստոնյա երկրներում եկեղեցին և կրոնը ունեն կարևոր նշանակություն և հեղինակություն։ Այս համատեքստում մտահոգիչ են համավարակի պայմաններում եկեղեցու ներկայացուցիչների հանրային կոչերը։

Դեռ 2021-ի նոյեմբերին Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում»։ Ավելին, հայտնի դարձավ, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Սակայն համավարակի պայմաններում եկեղեցին չդադարեցրեց մարդաշատ հոգևոր ծեսերի անցկացումը։ Ավելի խնդրահարույց է եկեղեցու ներկայացուցիչների հանրային պահվածքը։

Առաջին աղմուկ հանած դեպքը գրանցվեց 2021-ի հոկտեմբերին․ ցանցում տարածվեց մի տեսանյութ, որում Արգավանդի հոգևոր հովիվը եկեղեցում քարոզի ժամանակ պնդում էր՝ պատվաստումը չի օգնում: Իսկ ամիսներ անց Եվրոպայում հոգևոր ծառայություն իրականացնող մեկ այլ հոգևորական «պատվաստման հոգևոր վնասների» մասին յութուբյան իր ալիքով ուղիղ եթերում խոսում էր պատվաստումների մասին բազմաթիվ ապատեղեկատվություններ տարածած Մարինա Խաչատրյանի հետ։

Ինչ վերաբերում է Վրաստանին՝ այստեղ հոգևորականներն ավելի ակտիվ հակապատվաստումային կեցվածք են որդեգրել։ Վրաց ուղղափառ եկեղեցին կտրականապես դեմ է արտահայտվել COVID-19-ի ժամանակ եկեղեցիների ժամանակավոր փակմանը և պահպանել է հաղորդության ընդհանուր գդալի օգտագործումը։

Թեև եկեղեցին, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Մարիամ Ցիցիկաշվիլին, անորոշ կեցվածք էր որդեգրել, այնուամենայնիվ, հոգևորականների մի խումբ ուղղակիորեն հակապատավստումային արշավ է արել։ Նրանք տարածել են սոցիալական ցանցերում շրջանառվող պատմություններ, օրինակ, որ վիրուսը մարդածին կենսաբանական զենք է, և որ համավարակի «իրական» շարժառիթներն են միկրոչիպերի միջոցով աշխարհի բնակչության կրճատումը և նոր համաշխարհային կառավարության ստեղծումը։

Հայաստանում համավարակի ընթացքում ստեղծվել են սոցցանցային ռեսուրսներ ու կայքեր, որոնք ապատեղեկատվական արշավի մեջ էին ներգրավված։ Նման հայտնի կայքերից է Medmedia.am-ը, որը ստեղծել է ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը՝ ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։ 2020-ին այս փաստը սկանդալի առիթ դարձավ, ինչից հետո դեսպանատունը հայտնեց, որ այլևս չի շարունակելու համագործակցությունը կայքի հետ։ Մեկ այլ օրինակ է Pastark.am-ը, որը փոխկապակցված է բժիշկ և քաղաքական ակտիվիստ Մարինա Խաչատրյանի հետ։ Այս կայքը հաճախ է տարածում համավարակի և պատվաստումների մասին կեղծ լուրեր։

Նման ցանցային ռեսուրսներ, քիլքբեյթ կայքեր ստեղծվել են նաև Վրաստանում, որտեղ, ի տարբերություն Հայաստանի, որոշները հեռացվել են Ֆեյսբուքի կողմից։

Խոսքը COVID-19-ի վերաբերյալ կեղծ բովանդակություն տարածող հիմնական հարթակներից մեկի՝ STOP 5G GEORGIA!!! ֆեյսբուքյան խումբի մասին է: Երկու ամսում այն ավելի քան 22 000 անդամ է հավաքագրել։ Թեև կենտրոնացած էին 5G-ի վրա՝ խմբի անդամները տարածում էին ապատեղեկատվություն տարբեր թեմաներով: Խումբը ֆեյսբուքի կողմից հեռացվել է, որից մի քանի օր անց ստեղծվել է STOP 5G GEORGIA անունով կրկնօրինակ խումբը։

Մեկնաբանել