Վեդու ջրամբարի շինարարությունը կավարտվի տարեվերջին

Հայաստանի կառավարությունը Ֆրանսիայի կառավարության կողմից աջակցություն ստացող Վեդու ջրամբարի շինարարության շրջանակում տեխնիկական հսկողության աշխատանքների համար 394 000 եվրո կվճարի «Արտելիա» ընկերությանը։ Որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 23-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց՝ Վեդու ջրամբարի պատվարի կառուցման աշխատանքները 80 տոկոսով կատարված են. «Այս տարվա վերջին ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտենք»,- հայտարարեց Սանոսյանը։ Նա տեղեկացրեց, որ 2021-ի մարտին պիտի ավարտվեին ջրամբարի կառուցման աշխատանքները, սակայն կորոնավիրուսով ու պատերազմով պայմանավորված՝ դրանք հետաձգվել էին։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը հանձնառություն ունի կառուցելու 15 փոքր ջրամբար. «2022-ի բյուջեում 2 միլիարդ դրամ հատկացրել ենք ջրամբարների նախագծման համար, ու ինչքան հասկանում եմ, սկսում ենք հետևյալ ջրամբարների նախագծումը՝ Քասախում, Արգիճում, Աստղաձորում, Ելփինում, Արթիկում, Լիճքում, Եղվարդում։ Նախագծման աշխատանքների ընթացքում դիտարկելու ենք նաև դրանց էներգետիկ պոտենցիալը, թե ինչքանով է նպատակահարմար այդ ջրամբարների վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցել»,- նշեց Փաշինյանը։