Նախիջևանի բռնապետը՝ Credit Suisse-ի բանկային տվյալների արտահոսքում

OC Media

Շվեյցարիայի մեծությամբ երկրորդ բանկից՝ Credit Suisse-ից փաստաթղթերի արտահոսքը տվյալներ է բացահայտել ամբողջ աշխարհից քաղաքական գործիչների գաղտնի ունեցվածքի մասին, որոնց թվում են Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովի որդիները և Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը:

Հետաքննությունը, որը գլխավորել են Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և գերմանական Süddeutsche Zeitung թերթը՝ աշխարհի 48 լրատվականների հետ, ուսումնասիրել է 18 000 բանկային հաշիվներ շվեյցարական բանկում այն բանից հետո, երբ անանուն աղբյուրից այդ տեղեկությունն արտահոսել է Süddeutsche Zeitung-ին:

Ադրբեջանցի և հայ քաղաքական գործիչներից բացի, կան նաև Հորդանանի թագավոր Աբդուլլահի, Վենեսուելայի նավթային մագնատների և Վատիկանի պաշտոնյաների հաշիվներ՝ ի թիվս համաշխարհային շատ ու շատ այլ հայտնի գործիչների, որոնցից շատերը կասկածվել կամ դատապարտվել են մի շարք միջազգային հանցագործությունների համար:

Փետրվարի սկզբին Credit Suisse բանկն առաջին անգամ շվեյցարական դատարանների կողմից ենթարկվեց քրեական հետապնդման՝ մեղադրանքով, որ բանկը բուլղարական մաֆիային օգնել է փողեր լվանալ:

Վասիֆը և որդիները

Հետաքննության տվյալներով՝ Վասիֆ Թալիբովի (այժմ Նախիջևանի Գերագույն ժողովի նախագահ, որը ղեկավարում է ադրբեջանական էքսկլավը 1995-ից ի վեր) որդիները՝ Սեյմուր և Ռզա Թալիբովները, 2007-2012 թթ․ ավելի քան 20 միլիոն դոլար են մուտքագրել Credit Suisse-ում, ինչպես նաև մի քանի այլ բանկերում ունեցած իրենց հաշիվներին։

«Բանկային փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ Թալիբովի որդիների ստացած միլիոնները եկել են «Ադրբեջանական լվացքատան» և «Տրոյկա լվացքատան» հետ առնչվող խոշոր ընկերություններից»,- գրում է OCCRP-ն եղբայրների մասին իր հոդվածում:

«Ադրբեջանական լվացքատունը» և «Տրոյկա լվացքատունը» OCCRP-ի հետաքննությունների ընթացքում բացահայտված փողերի լվացման գործողություններ էին, որոնց ընթացքում հիմնականում Ռուսաստանից և Ադրբեջանից լվացվել և դուրս էին բերվել հսկայական գումարներ:

Թալիբով ավագին մեղադրել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը «երկաթե ձեռքով» կառավարելու մեջ։ Թալիբովը խնամիական կապեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ, որի անմիջական անդամները նույնպես ներգրավված են եղել «Ադրբեջանական» և «Տրոյկա» լվացքատներում։

Թալիբովի պաշտոնական աշխատավարձը տարեկան 26 000 դոլարից ցածր է։

Նախկին նախագահը

Արմեն Սարգսյանը 2022-ի հունվարի 23-ին՝ իր լիազորությունների ավարտից տարիներ առաջ, հայտարարեց Հայաստանի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Օրերի ընթացքում հետաքննությունը պարզեց՝ Սարգսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018-ից, չէր կարող նախագահի պաշտոնը զբաղեցնել՝ գաղտնի երկրորդ քաղաքացիություն ունենալու պատճառով։

Վերջին արտահոսքերն այժմ ցույց են տալիս, որ Սարգսյանը, որը 2013-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան նշանակվելիս օրենքով պարտավոր էր հայտարարագրել իր ունեցվածքը, կնոջ հետ ունեցել է մոտ 11 միլիոն դոլարին համարժեք շվեյցարական ֆրանկ Credit Suisse-ի հաշիվներում և չի հայտարարագրել դրանք։

Պատասխանելով «Հետքի» մեկնաբանության խնդրանքին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ իրեն չի հստակեցվել ունեցվածքը հայտարարագրելու անհրաժեշտությունը, քանի որ ինքը եղել է անվճար հիմունքներով դեսպան և իր գրպանից է վճարել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու համար։

«Մյուսները, որոնք ծառայում են անվճար հիմունքներով, որևէ հայտարարագիր չեն ներկայացրել»,- «Հետքի» հետ զրույցում ասել է նա։

Սարգսյանը, սակայն, ներկայացրել էր 8 միլիոն եվրո ունեցվածքի մասին հայտարարագիր, որն, ըստ նրա, «կանխիկ» էր պահում, այդ պատճառով այն համարելով հայտարարագրման ենթակա։

«Նրանք […] չեն պարտավորեցրել ինձ հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն՝ իմ դրամական միջոցները, որոնք ես ամեն տարի հայտարարագրել եմ»,- «Հետքին» ասել է Սարգսյանը։

«Հետքի» տեղեկություններով՝ հայտարարագրում նշված չի եղել նրա ունեցվածքի բնույթը։

Հետաքննող կայքը նաև նշում է, որ Credit Suisse-ի արտահոսքի ցուցակում են 500 ՀՀ քաղաքացի կամ «Հայաստանի հետ կապ ունեցող անձինք»։ «Հետքը շուտով կհրապարակի #SuisseSecrets տվյալների մեջ հայտնված մի քանի հաշվետերերի պատմությունները»,- գրել են նրանք։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի