Ուկրաինան շնորհակալ է Հայաստանին և դրական է գնահատում նրա դիրքորոշումը

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը «ոչինչ չարժե»։ Այդ մասին նա հայտարարեց փետրվարի 23-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նրանց ճանաչումը ոչ մի արժեք չունի, նրանք կարող են ամեն ինչ ճանաչել»,- նշեց դիվանագետը։

Նա հիշեցրեց, որ շուրջ ութ տարի Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ։ Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Ավտոնոմովը հայտնեց, որ այն շարունակում է բարդ մնալ. «Շարունակվում են կրակոցները՝ Դոնբասի օկուպացիոն ուժերի կողմից։ Գրեթե ամեն օր մենք կորուստներ ունենք՝ զոհեր ու վիրավորներ»,- նշեց նա։

Ավտոնոմովի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միանձնյա է որոշումներ կայացնում. «Ուկրաինայի հետ կապված, ես միգուցե շատ մեծ ռիսկի եմ գնում այս բառերն ասելու համար, քանի որ հետագայում դրանք կարող են կոնտեքստից կտրվել ինչ-որ մեկի կողմից, նա (նկատի ունի Վլադիմիր Պուտինին – խմբ.) Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունում է աշխատել ԿԳԲ-ի ղեկավարությամբ, կարծում եմ, որ նա շատ լավ ծանոթ է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» աշխատանքին, որի հիմնական ուղերձներից մեկն այն է, որ Ավստրիան հանրապետություն չէ, ու ազգը չի կարող բաժանվել, այսինքն՝ պարզապես կրկնություն է տեղի ունենում՝ «Ուկրաինան պետություն չէ, ազգը չի կարող բաժանվել»»,- նշեց դիվանագետը՝ հավելելով, որ Պուտինը փորձում է գնալ Հիտլերի ճանապարհով։

«Նա փորձում է կտորներ պոկել այնտեղ, որտեղ հնարավոր է, իսկ հետո սկսում է մեծ պատերազմ»,- նշեց դիվանագետը։

Ավտոնոմովը նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի դիրքորոշման համար՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման վերաբերյալ. «Մենք շատ շնորհակալ ենք Հայաստանին, և շատ դրական ենք գնահատում Հայաստանի դիրքորոշումը»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Ուկրաինան չգնաց դիվանագիտական կապերի խզման Ռուսաստանի հետ, երբ 2014-ին Ղրիմը միացվեց այդ պետությանը, Ավտոնոմովը պատասխանեց, որ առ այսօր ՌԴ-ում բնակվում են բազմաթիվ ուկրաինացիներ, ու դիվանագիտական ծառայությունն այնտեղ է՝ նրանց աջակցելու համար։ Նա նաև հիշեցրեց, որ նախկինում ևս քննակվել է այդ հարցը։

Գևորգ Թոսունյան