Արցախի փրկարարները Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«2020-ի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր՝ փետրվարի 23-ին, իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում: Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն։ Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասված է հաղորդագրությունում։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1 711 աճյուն: