Ոստիկանությունը 140 «Տոյոտա» է գնել Շիրակի և Լոռու պարեկների համար

Անի Գրիգորյան

Ոստիկանությունը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ ոստիկանական 140 մեքենա ձեռք բերելու համար։ Ինչպես տեղեկանում ենք գնումների Armeps համակարգից, պայմանագիրը կնքվել է 2022 հունվարի 13-ին։

2022 թվականի արտադրության մեքենաներից 70-ի արժեքը ընդհանուր 1 129 800 000 դրամ է, հատը՝ 16 140 000 դրամ, իսկ մնացած 70-ինը՝ 1 314 000 000 դրամ, հատը՝ 18 771 428 դրամ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 2 443 800 000 դրամ է կամ մոտ 5 մլն դոլար։

ՍիվիլՆեթը ոստիկանությունից հետաքրքվեց, թե ինչ նպատակով են ձեռք բերվել մեքենաները, և ինչու է ընտրվել հենց «Տոյոտա Երևան» ընկերությունը։ Ոստիկանությունից հայտնեցին, որ տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել Շիրակի և Լոռու մարզերում ձևավորվող պարեկային ծառայության համար։ Գնման ընթակարգ է ընտրվել էլեկտրոնային աճուրդը, որի ընթացքում հայտ ներկայացրել է միայն «Տոյոտա Երևան» ընկերությունը։

Նախորդ տարի մեկնարկած՝ Երևանի պարեկային ծառայության սպասարկման համար ընտրվել էին «Շկոդա» մակնիշի մեքենաներ, որոնք ձեռք էին բերվել «Չեխ ավտո» ընկերությունից։ Փաստորեն Շիրակի և Լոռում պարեկները կշրջեն «Տոյոտա» մակնիշի մեքենաներով։

«Տոյոտա Երևան» ընկերությունն ունի երեք բաժնետեր։ Ընկերության 60 տոկոսը պատկանում է այժմ հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին, 30 տոկոսը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, իսկ 10 տոկոսը՝ Վահե Վիգենի Գզրյանին։

Մեկնաբանել