Ղարաբաղը, Աբխազիան և Հրվ․ Օսիան ողջունում են Դոնբասի ու Լուգանսկի ճանաչումը

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը (ձախ), որը երկուշաբթի Մոսկվայում էր, անձամբ շնորհավորել է Դոնեցկի անջատողական կառավարության ղեկավար Դենիս Պուշիլինին (աջից):

OC Media

Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ողջունել են անջատողականների կողմից վերահսկվող Դոնեցկն ու Լուգանսկը անկախ պետություններ ճանաչելու Ռուսաստանի որոշումը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երեկոյան ճանաչեց ուկրաինական երկու շրջանների անջատողական իշխանություններին՝ հրամայելով ռուսական զորքերին մուտք գործել այդ շրջաններ։

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը երկուշաբթի երեկոյան ողջունեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։

Բժանիան հայտարարել է, որ Մոսկվայի որոշումը «արդար է, հիմնված աշխարհաքաղաքական իրականության համարժեք գնահատման վրա և համահունչ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին»՝ հավելելով, որ այն «նպաստում է ավելի արդար և հավասարակշռված աշխարհակարգի ստեղծմանը»։

Բժանիան առանձին շնորհավորել է նաև Դոնեցկի և Լուգանսկի անջատողական կառավարությունների ղեկավարներին։

Աբխազիայի իշխանությունները խոստացել են ընդունել Դոնեցկի և Լուգանսկի փախստականներին՝ Սուխումիում նրանց տեղավորելու համար հյուրանոց հատկացնելով: Ըստ պետական «Ապսնի պրես» լրատվական գործակալության՝ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լև Կվիցինիայի գլխավորությամբ, երկու ավտոբուսով, շտապօգնության մեքենայով և «ուղեկցող մեքենայով» արդեն մեկնել էր Դոնեցկ և Լուգանսկ՝ մարդկանց Աբխազիա տարհանելու նպատակով։

Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի անվտանգությունը «երաշխավորված է Ռուսաստանի կողմից»՝ դրանց ճանաչումից հետո։ Նա ասել է, որ որոշումը «կայացվել է՝ արյունահեղությունը դադարեցնելու և Դոնբասում ու Ուկրաինայում մարդկանց կյանքերը փրկելու համար, և ցույց է տալիս բաց և ամուր աջակցություն Դոնբասի արդար պայքարին՝ հանուն ազատության, ազգային և մարդկային արժանապատվության և իրենց հայրենի հողում խաղաղ աշխատանքի իրավունքի»։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում շնորհավորական գրառում է կատարել՝ նշելով, որ «ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք»։

Հարությունյանը Դոնբասում տիրող իրավիճակը, որտեղ 2014-ից ի վեր Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները և կանոնավոր ռուսական ուժերը կռվում են Ուկրաինայի կառավարության դեմ, համեմատել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կառավարության միջև հակամարտության հետ։

«Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը»։

Ռուսաստանի կողմից նման ճանաչումը քիչ հավանական է թվում, հատկապես հաշվի առնելով, որ Պուտինը Ուկրաինայում անջատողական կառավարությունները ճանաչելու նույն օրը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և կողմերը ստորագրել էին «Դաշնակիցների փոխգործակցության հռչակագիր»: Այդ փաստաթղթի մանրամասները դեռ չեն հրապարակվում։

Խառն արձագանքներ

Չնայած Սուխումիի, Ցխինվալի և Ստեփանակերտի պաշտոնյաների կողմից Պուտինի որոշման խանդավառ ընդունմանը, ոչ բոլորին էր դա ոգևորել:

Աբխազիայում հասարակական գործիչները և լրատվամիջոցների մեկնաբանները հիմնականում լուռ էին այն բանից հետո, երբ տարածվեց Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին լուրը: Աբխազ գրող Էլյա Ջիքիրբան քննադատեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում՝ նշելով, որ մեղավոր է նաև ուկրաինական կառավարությունը։ «Այստեղ մեզ վրա կազդի նաև ճնշումը [մարդու իրավունքների] վրա»,- գրել է նա։

Լրագրող Էլեոնորա Գիլոյանի «Eleanor Writes» տելեգրամյան ալիքում գրառմանն ի պատասխան՝ մեկնաբանություն գրողներից մեկը նշել է, որ կառավարությունը ռիսկի է դիմում զուգահեռներ ստեղծել Աբխազիայի, Դոնեցկի և Լուգանսկի միջև: «Մեր իշխանություններն իրենց ողջույնի հայտարարություններով, ըստ էության, ապալեգիտիմացնում են իրենք իրենց»,- գրել էր վերջինս։

Մյուսները, օրինակ՝ նախկին գլխավոր դատախազ, այժմ հայտնի բլոգեր Ալեքսեյ Լոմիան շնորհավորել է Լուգանսկին և Դոնեցկին, սակայն խուսափել է իրավիճակի վերաբերյալ որևէ գնահատական տալուց։ Նախագահ Բժանիայի կողմից կիրակի օրը Դոնեցկ և Լուգանսկ ռազմական օգնություն ուղարկելու առաջարկը նույնպես թերահավատությամբ է ընդունվել:

Երևանաբնակ քաղաքագետ, ստեփանակերտցի Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ քննադատել է Արայիկ Հարությունյանի արձագանքը ուկրաինական իրադարձություններին։ «Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի․ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման վերաբերյալ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը, կարծում եմ, սխալ է»։

Գրիգորյանը պնդում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է այնպես անի, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չհամարվի «նախկին Խորհրդային Միության տարածքում դե ֆակտո այլ պետությունների իրավիճակին» համարժեք։

«Միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ Հարությունյանը հարկադրված է պարբերաբար նմանատիպ հայտարարություններով հանդես գալ, քանի որ հավանաբար որոշակի ազդակներ է ստանում Մոսկվայում իր հետ կապ պահող պաշտոնյաներից: Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում, որ արցախյան բոլոր պաշտոնյաներն ու գերատեսչությունները պետք է անպայմանորեն դիրքորոշում հայտնեն այս հարցի շուրջ: Շատ զգայուն ու վտանգավոր թեմա է, որից անհրաժեշտ է հնարավորինս զգուշանալ: Չարժե Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել