Հայաստանը հուսով է՝ ռուս-ադրբեջանական հռչակագիրը առաջ կմղի եռակոմ հայտարարությունների իրագործումը

yerevan-mfa-armenia-scaled-1536x1085

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով Sputnik Արմենիա լրատվական գործակալության հարցին, հայտնել է Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը:

Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման։ Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»,- ասված է Հունանյանի պատասխանում։

Փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կնքեցին դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը երկու երկրների հարաբերությունները բարձրացնում է դաշնակցային մակարդակի։