«Եվրանեսթ». ադրբեջանցիները՝ Երևանում, հայերը՝ Բաքվում

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» շրջանակում ադրբեջանցի երկու պատգամավորների երևանյան այցը ոչ միանշանակ ընդունվեց ու մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։ Վեհաժողովի նիստերն անցկացվեցին փետրվարի 21-ին և 22-ին՝ Երևանի մարզահամերգային համալիրում։

Համալիրի և «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էին ադրբեջանցի պատգամավորները, ցույցեր տեղի ունեցան։ Ցուցարարները բողոքում էին ադրբեջանցիների այցի դեմ։

Ավելին, փետրվարի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր ադրբեջանցի պատվիրակ Թահիր Միրկիշիլին։ Վերջինս կորոնավիրուսի համավարակին վերաբերող հարցով համազեկուցող է։ Որոշ լրատվականներ սխալ տեղեկություն տարածեցին այս առիթով՝ իբր Փաշինյանը հանդիպել է ադրբեջանցի պատգամավորների հետ։

Հայ և ադրբեջանցի պատգամավորների այցերը նախկինում

«Եվրանեսթ» (Euronest) խորհրդարանական վեհաժողովը Եվրամիության և Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների միջև խորհրդարանական համագործակցության հարթակն է։ Առաջին նիստը գումարել է 2011-ին։ «Եվրանեսթի» կազմում ներառված է 60 պատգամավոր Եվրոպական խորհրդարանից և 10-ական պատգամավոր՝ ԱլԳ երկրների խորհրդարաններից: ԱլԳ երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և նախկինում Բելառուսը։

Այս օրերին Երևանում կայացած նիստին Ադրբեջանից մասնակցեց Մեջլիսի (խորհրդարանի) երկու պատգամավոր՝ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամմեդովը։ Բարձրացրած աղմուկից կարող է տպավորություն ստեղծվել, թե ադրբեջանցիներն առաջին անգամ են Հայաստան այցելում, սակայն այդպես չէ։ «Եվրանեսթի» շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորները փոխադարձ այցներ նախկինում էլ են ունեցել։

«Եվրանեսթի» շրջանակում ադրբեջանցի պատգամավորներ Երևան էին այցելել տասը տարի առաջ՝ 2012-ի փետրվարի 22-23-ին՝ մասնակցելու «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Այն տեղի էր ունեցել Ազգային ժողովում, և ԱԺ այն ժամանակվա նախագահ Սամվել Նիկոյանը իր բացման ելույթում հայտարարել էր. «Ուրախ եմ, որ այս նիստին իր մասնակցությունն է բերում նաև Ադրբեջանի պատվիրակությունը»։ Ադրբեջանական պատվիրակության երկու անդամներն էին՝ Ազայ Գուլիևը և Ռովշան Ռզաևը։

Նրանք փորձել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին քննարկումներ ծավալել, սակայն հայ պատգամավորները հակադարձել էին, որ «Եվրանեսթը» հակամարտությունը քննարկելու վայր չէ։

2015-ին Երևանը կրկին հյուրընկալել էր «Եվրանեսթի» լիագումար նիստը, որին Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցել։

«Եվրանեսթի» շրջանակում հայ պատգամավորները նույնպես այցելել են Բաքու՝ երկու անգամ։ 2012-ի ապրիլին ութ հայ պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը այցելել էր Բաքվում «Եվրանեսթի» լիագումար նիստին։ Բաքու էին մեկնել ՀՀԿ-ականներ Արտակ Զաքարյանը և Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ-ականներ Վահան Հովհաննիսյանը և Լիլիթ Գալստյանը, ԲՀԿ-ականներ Արամ Սաֆարյանը և Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը և «Օրինաց երկիր»-ից Խաչիկ Պետրոսյանը։

Բաքվից վերադառնալուց հետո հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խոսելով այցի մասին, ասել էր՝ «ադրբեջանական ժողովուրդը հայատյացության ու ագրեսիվության որևէ դրսևորում իրենց նկատմամբ չի ցուցաբերել, ինչը պատգամավորին հիմք է տալիս գնահատելու, որ պատերազմի սպառնալիքով քաղաքական դիվիդենդներ է փորձում ստանալ միայն մեկ մարդ՝ Իլհամ Ալիևը»։ Նմանատիպ կարծիք էր հայտնել նաև Արտակ Զաքարյանը. «Պատերազմից հետո առաջին անգամ լինելով Բաքվում, շփվելով մարդկանց հետ՝ ես համոզվեցի, որ բացի Ալիևների կլանից ու էլի երևի ինչ-որ մարդկանցից, մյուսներին ղարաբաղյան կոնֆլիկտն ու պատերազմը ուղղակի չեն հետաքրքրում»։

Ի դեպ, հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը որպես «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամ, բյուրոյի ներկայացուցիչների կազմում հանդիպել էր Ալիևի հետ։ Այս մասին այն ժամանակ հայտնել էր Նաիրա Զոհրաբյանը։

«Եվրանեսթի» վեհաժողովի լիագումար նիստին Ալիևը հայերին անվանել էր «ֆաշիստ», ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել հայաստանյան պատվիրակության մոտ։ Հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներից պահանջել էին դատապարտել Ալիևի ելույթը։

Նշյալ այցի ժամանակ հայ պատվիրակները այցելել էին Բաքվի միակ կանգուն հայկական եկեղեցին։

2017-ի սեպտեմբերի 22-23-ին երկու-հոգանոց հայկական պատվիրակություն էր մեկնել Բաքու՝ մասնակցելու «Եվրանեսթի» համաժողովին։ Պատվիրակության անդամներն էին ԱԺ պատգամավորներ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը և «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանը։ Նրանք լուսանկարներ էին հրապարակել Բաքվի խորհրդանիշ «Կույսի» աշտարակի մոտ, ինչպես նաև Բաքվում թեյ ըմպելիս, սակայն, ի տարբերություն 2012-ի, չէին կարողացել մուտք գործել Բաքվի հայկական եկեղեցին։

Արմեն Աշոտյանը իր ելույթում անդրադարձել էր Ադրբեջանում հակահայկական քարոզչությանը։

Այլ այցեր

Վերջին տասնամյակի ընթացքում Բաքու են այցելել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար և Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Գարեգին Բ-ն 2010-ին այցելել էր Բաքու Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ։ Նրանք Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ համատեղ հայտարարություն էին ստորագրել, որով իրենց աջակցությունն էին հայտնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Կաթողիկոսը նաև հանդիպել էր Իլհամ Ալևի հետ և աղոթել Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում։

Իսկ Հովհաննիսյանը Բաքու էր այցելել 2012-ին՝ մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Այնտեղ նա ելույթ էր ունեցել, որում նշել էր Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության մասին։

Մեկնաբանել