Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված նոր հռչակագրի հետաքրքրական դրույթները

aliyev and putin

Փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր: Ինչպես նշեցին Ալիևն ու Պուտինը փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո, հռչակագիրը դաշնակցային մակարդակի է բարձրացնում Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները:

Իլհամ Ալիևը իր խոսքի մեջ նշեց նաև, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները տևել են մեկ տարուց ավելի: Հռչակագրի ստորագրման ժամանակահատվածը սակայն համընկել էր Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման հետ, ինչը իրական փիառ աղետ էր Բաքվի համար:

Ալիևը մեկ ամիս առաջ այց էր կատարել Կիև, որտեղ հրապարակային աջակցություն էր հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի արևմտյան լոբբիստները ակտիվորեն տարածում էին այն պատումը, որ Ադրբեջանը կարող է հակառուսական ամրոց դառնալ Հարավային Կովկասում: Որոշ գործիչներ նույնիսկ համեմատում էին Բաքվի պահվածքը Ուկրաինայի շուրջ այս նոր ճգնաժամի ընթացքում Վրաստանի իշխանությունների պահվածքի հետ և կշտամբում Թբիլիսիին պասիվության ու Ռուսաստանի հանդեպ մեղմ դիրքորոշման համար: Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման հաջորդ օրը Ալիևի հանդիպումը Պուտինի հետ և Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դաշնակցային հռչակագրի ստորագրումը հօդս ցնդեցրին այս բոլոր լոբբիստական ջանքերը:

Ալիևի ու Պուտինի միջև ստորագրված այս նոր փաստաթուղթը հիմնված է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 1997-ին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագրի ու 2008-ին ստորագրված «Բարեկամության ու ռազմավարական գործընկերութան մասին» հռչակագրի վրա: Նոր ստորագրված փաստաթղթի մեջ տեղ գտած գրեթե բոլոր դրույթները վերցված են հենց այդ երկու փաստաթղթերից:

Այս փաստաթղթի մեջ Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող դրույթները, անշուշտ, առնչվում են անվտանգային ոլորտին ու Ղարաբաղյան հակամարտությանը: Փաստաթղթի հրապարակումից հետո Հայաստանում քննարկումների կիզակետում է հայտնվել, մասնավորապես, հռչակագրի 11-րդ կետը, որի մեջ նշվում է․ «Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն կանխում են սեփական տարածքներում կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որը ուղղված է մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության դեմ»:

Այնուամենայնիվ, սա նոր դրույթ չէ: Նման բովանդակությամբ կետ առկա է ինչպես Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված 1997-ի հիմնարար պայմանագրի մեջ, այնպես էլ 2008-ին ստորագրված հռչակագրի մեջ: Ավելին, 1997-ի պայմանագրի 5-րդ կետում, որը իր բովանդակությամբ համապատասխանում է փետրվարի 22-ին ստորագրված հռչակագրի 11-րդ կետի բովանդակությանը, բացի վերոնշյալ ձևակերպումից կա անդրադարձ նաև անջատողականության թեմային: 5-րդ կետի առաջին մասում նշվում է․ «Բարձր պայմանավորվող կողմերը դատապարտում են անջատողականությունը՝ իր բոլոր դրսևորումնով, և պարտավորվում են չաջակցել անջատողական շարժումներին»: Այս նոր հռչակագրի 11-րդ կետում այդ հատվածը բացակայում է:

Փետրվարի 22-ին ստորագրված հռչակագրի մեջ Հայաստանի համար մյուս կարևոր հատվածները Ղարաբաղյան հակամարտությանը առնչվող կետերն են:

Հռչակագրի 8-րդ կետում ընդգծվում է Ռուսաստանի միջնորդական դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կանգնեցման գործում: 9-րդ կետում կողմերը հանձն են առնում նպաստել 2020-ի նոյեմբերի 9/10-ի, 2021-ի հունվարի 11-ի ու 2021-ի նոյեմբերի 26-ի հայտարարությունների մեջ տեղ գտած դրույթների իրագործմանը:

Պետք է նշել, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կետերը փետրվարի 22-ի հռչակագրի համար հիմք հանդիսացած վերոնշյալ երկու փաստաթղթերում ավելի միանշանակ էին ու շատ ավելի անընդունելի Հայաստանի համար: Այսպես, 1997-ի պայմանագրի 2-րդ կետում նշվում էր, որ կողմերը ջանքեր են գործադրելու «տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու նախ և առաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության պահպանման ու ապահովման հիման վրա»:

2008-ի հռչակագրում ևս կա նման բովանդակությամբ կետ, որտեղ արդեն հիշատակվում է Ղարաբաղյան հակամարտությունը: Այդ կետի մեջ, մասնավորապես, նշվում է․ «Կողմերը ընդգծում են Ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման կարևորությունը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների ու նախ և առաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության պահպանման ու ապահովման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ու ԵԱՀԿ որոշումների հիման վրա»:

2022-ի հռչակագրի՝ Ղարաբաղյան հակամարտությանը առնչվող կետերում, ինչպես տեսնում ենք, ավելի չեզոք ձևակերպումներ են օգտագործվել: Դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը հակամարտությունը ավարտված է համարում, և փաստաթղթում կարգավորման վերոնշյալ սկզբունքների հիշատակումը կհակասեր այդ դիրքորոշմանը:

«Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի մեջ տեղ գտած կարևորագույն դրույթներից մեկը, որը բացակայում է նախորդ փաստաթղթերում, առնչվում է ռազմական փոխօգնության հարցին: Հռչակագրի 16-րդ կետում նշվում է․ «Անվտանգության ապահովման ու կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու առանձին միջպետական պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով կողմերի ստանձնած միջազգային-իրավական պարտավորությունները»: Այս կետը կարելի է համարել հռչակագրի գլխավոր նորույթը՝ համեմատ նախորդ փաստաթղթերի: Այն բազմազանեցնում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի հնարավոր գործիքակազմը:

Փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը Ադդրբեջանի կողմից Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ու ազդեցության ընդունման արդյունք է: Բաքուն հասկանում է, որ առանց Ռուսաստանի հետ սերտ փոխգործակցության չի կարողանալու հասնել տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներին: Հռչակագրի ստորագրումը նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև Ադրբեջանում ազդեցության համար ընթացող պայքարի կարևոր դրվագ է: