Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հանգամանքները մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին։ Այդ կապակցությամբ, իմ կողմից որոշում է ընդունվել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան ձգտելու է նրա ապառազմականացմանը․ «Դրա նպատակը (ռազմական գործողության – խմբ․) մարդկանց պաշտպանությունն է, որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ահաբեկումների»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է երկրում ռազմական դրություն սահմանելու մասին, հայտնում է ուկրաինական Unian գործակալությունը։

«Ուկրաինայի հարգարժան քաղաքացիներ, այսօր նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ռուսաստանը հարվածներ է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքներին։ Մենք ռազմական դրություն ենք սահմանում»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը:

***

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։

Մեկնաբանել